Մատչելիության հղումներ

Սևանա լիճը կարող է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում


Armenia -- Lake Sevan, undated
Armenia -- Lake Sevan, undated
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեց Սեւանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու հարցը: Քննարկման, ինչպես նաեւ Սեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու նախաձեռնությունը «Terra- Viva» միջազգային էկոլոգիական շարժման նախագահ Նիկոլայ Դրոզդովինն է:

Դրոզդովը, սակայն, ներկա չէր քննարկմանը: Նրա փոխարեն նախագիծը ներկայացնում էր նախագծի նախաձեռնող խմբի համանախագահ, ԳԱԱ արտասահմանյան անդամ, ռուսատանաբնակ Ռուբեն Մելքոնյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է Ռուսաստանը դիմել, Մելքոնյանը պատասխանեց.- «Սեւանը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար է կարեւոր, եթե այդ ցանկում ընդգրկված է Բայկալ լիճը, ինչո՞ւ չընդգրկվի նաեւ Սեւանը»:

ՅՈՒՆԵՍԿՕ- ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում այսօր ընդգրկված են Հաղպատի եւ Սանահինի վանական համալիրները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիներն ու Մայր տաճարը, ինչպես նաեւ Զվարթնոց հնավայրը:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը նշեց, որ այդ ցանկում ընդգրկվելը բավական երկար եւ բարդ գործընթաց է, այն կարող է մի քանի տարի տեւել: Սամուելյանն առաջարկեց Սեւանա լճի ափամերձ տարածքներում գտվող հուշարձանները եւս ներառել:

Բնապահպան Ինգա Զառաֆյանը նշում է, որ միայն ուրախ եւ հպարտ է նախաձեռնության համար, սակայն իր համար կարեւոր է այն, որ նախեւառաջ մեր պետությունը մտածի Սեւանա լճի խնդիրները լուծելու մասին, այլ ոչ թե սպասի դրսից աջակցության. - «Ամենակարեւոր խնդիրը լճի աղտոտվածությունն է»:

Զառաֆյանն ասում է, որ Սեւանը բիզնեսի համար բարենպաստ վայր է, այստեղ որքան շատանում են հանգստի համար նախատեսված մանր եւ մեծ օբյեկտները, այնքան ավելի շատ է աղտոտվում լիճը:

ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ, անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանին, սակայն, գոհացնում են արդյուքները, որոնք գրանցել են վերջին տարիների ընթացքում: Լճի մակարդակը վերջին 4 տարիների ընթացքում բարձրացել է 1,28 մետրով, 2 անգամ ավելացել է լուսաթափանցելիությունը :

Ռուբեն Մելքոնյանը տեղեկացրեց, որ դեռ ներկայացված չեն չափանիշները, որոնցով Սեւանը կարող է մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG