Մատչելիության հղումներ

Երեւանում ընտրողների թիվն ավելացել է շուրջ 7 հազարով


Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյան

Նախագահական ընտրություններից հետո անցած 1.5 ամիսների ընթացքում Երեւանի ընտրողների թիվն ավելացել է մոտ 7 հազարով:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության վերջին տվյալներով, այժմ մայրաքաղաքում կա 817 հազար 814 ընտրող: Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերջնական ցուցակներում այդ թիվը կազմել էր 810 հազար 925:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մայիսի 5-ին կայանալիք մայրաքաղաքի ավագանու ընտրություններից առաջ ընտրողների թվի ավելացումը բացատրում է երկու հիմնական գործոններով: Նախ, ի տարբերություն նախագահական ընտրությունների, ՏԻՄ ընտրություններին իրավունք ունեն մասնակցել նաեւ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, երկրորդ, նախագահական ընտրությունների օրը Երեւանից դուրս գտնված, հաշվառումից հանված եւ այլ համայնքներում լրացուցիչ ցուցակներով քվեարկած անձինք կրկին հաշվառվել են մայրաքաղաքում:

«3375 ընտրող ունենք Հայաստանի քաղաքացի չհանդիսացող. ե’ ւ օտարերկրյա քաղաքացիներ, ե’ւ փախստականներ, ովքեր ստացել են կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթեր, ե’ւ քաղաքացիություն չունեցող անձինք: Մնացած մասը 18 տարեկան լրացածներն են, առաջին անգամ անձնագրավորվածներ են, զորացրվածներն են: Այսինքն` այն գործոնները, որոնք մենք միշտ ներկայացրել ենք որպես աճը պայմանավորող գործոններ, այստեղ էլ են գործում, այնպես որ աճը շատ վերահսկելի է եւ անհանգստանալու առիթ չի տալիս», - մեկնաբանում է Քոչարյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմադիր շրջանակները մտահոգություն ունեն, որ Երեւանից դուրս գտնվող համայնքներից գալիս եւ գրանցվում են Երեւանի իրենց բարեկամների տներում, Քոչարյանն արձագանքեց. - «Եթե խոսքը վերաբերում է ընտրությունների օրվա նշանակումից հետո հաշվառված անձանց, ապա այդ մասով որեւէ մեկը թող մտահոգություն չունենա, որովհետեւ նրանք ցուցակ չեն մտնելու: Փետրվարի 21-ից հետո հաշվառվածները ցուցակ չեն մտնելու: Եվ կա ոչ միայն ընտրական օրենսգրքի պահանջն այդ մասին, այլեւ մեր բազմաթիվ հրամանները տարածքային ծառայություններին ուղղված: Այնպես որ, ես հավաստիացնում եմ, որ նման խախտումներ որեւէ մեկը թույլ չի տա, որովհետեւ դա, ոչ ավել, ոչ պակաս` իրավախախտում է եւ բավականին լուրջ հետեւանքներ կարող է ունենալ ոչ միայն սովորական աշխատակցի, այլեւ նրա ղեկավարների համար` ինձանից սկսած: Եվ որեւէ մեկն իրեն թույլ չի տա նման աճպարարությամբ զբաղվել։ Ինչ վերաբերում է փետրվարի 21-ից առաջ հաշվառվածներին, ապա նրանք բնականաբար ցուցակ մտնելու են, որովհետեւ օրենսգիրքը որեւէ սահմանափակում այդ կոնտինգենտի համար չի նախատեսում: Ես որեւէ մտահոգություն չեմ տեսնում այս պարագայում, չէ՞ որ ցուցակները հրապարակային են՝ կարող են ստուգել: Կարող են ճշտել, երբ են եկել հաշվառվել եւ ցուցակ հայտնվել են, թե` ոչ: Թող դիմեն եւ մեզ ասեն, որ այս հասցեում մարդիկ են հաշվառվել, որոնք չպետք է հաշվառվեին»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմել էր, որ իրենք ահազանգերն են ստացել, որ «որոշ պատգամավորների պատկանող սուպերմարկետների անգամ նկուղների վրա արդեն գրանցվում են հարյուրավոր մարդիկ, որոնք պիտի որպես ընտրող մասնակցեն ավագանու ընտրություններին»:

Անձնագրային եւ վիզաների վարչության պետը հերքում է դրա հնարավորությունը, վկայակոչելով կառավարության ընդունած փոփոխությունները, ըստ որոնց քաղաքացիները ոչ բնակելի տարածքներում տարբեր պատճառներով հաշվառվելու դեպքում չեն կարող ընդգրկվել ընտրացուցակներում. – «Այնպես որ այդ մտահոգությունն էլ պետք է փարատեմ ես։ Չի կարող նման բան լինել։ Եթե հաստատ նման բան կա, թող մեզ դիմեն, ուրիշ տարբերակ չկա»։

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդդիմադիրները արդյոք կարո՞ղ են վստահել իրենց, Քոչարյանը հիշեցրեց, որ անցած ընտրությունների ընթացքում իրենք աշխատել են բոլորի հետ եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի վերջին զեկույցում գրված է, որ կա էական առաջընթաց։

Ընդդիմադիրները, սակայն, շարունակում են չվստահել Ոստիկանության հավաստիացումներին։

«Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը ընտրողների թվի ավելացումը ցուցակների ուռճացման գործոններով է պայմանավորում. – «Մեզ մոտ հետաքրքիր զուգադիպությամբ միայն ծնունդներ են լինում եւ մահեր չեն լինում, ինչը, իհարկե, ողջունելի է, բայց դա բնությանը հակասում է»։

Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը համարում է, որ. – «Իշխանությունը պատրաստվում է նորից կեղծել ընտրությունները։ Տրված են հստակ հանձնարարություններ, որոնց հիմնական կրողը լինելու է Ոստիկանությունը։ Առաջին հերթին շարունակելու են պահպանել այդ ցուցակների անճշտությունը, այնպես, որ ստեղծեն կես միլիոնից 700 հազար ձայն կեղծելու հնարավորությունը ռեժիմի համար։ Երկրորդը՝ ունեն հատուկ անձնագրերի պաշարներ, որոնք բաժանվում են բազմակի քվեարկության բրիգադներին։ Երրորդ՝ ոստիկանական հնարավորությունները օգտագործվում են մարդկանց վրա ճնշումներ կազմակերպելու համար եւ չորրորդ ֆունկցիան, որը դրված է Ոստիկանության վրա, դա քրեական աշխարհի օգտագործումն է ընդդիմադիրների ահաբեկման, քվեարկությունը հօգուտ իշխանության կազմակերպման համար»։

Հովհաննես Քոչարյանը ընդդիմադիրներին այսպես է հակադարձում. – «Լավ կլինի, որ գոնե մեկ անգամ նման հայտարարությունները փաստարկվեն կոնկրետ ապացույցներով։ Վերջապես փաստական տվյալներ պետք է ներկայացվեն, մարդիկ պետք է վկայություններ տան, իսկ դուք գիտեք որպես կանոն ինչ է կատարվում այդ վկաների հետ, երբ որ հայտարարում են այսպիսի բան, հետո հենց ոստիկանությունը այցելում է, սկսում ես բացատրություններ վերցնել, ուրիշ բան է դուրս գալիս Ամեն դեպքում ես դա դիտում եմ որպես քաղաքական ֆելիետոնիզմի դրսեւորումներ հերթական անգամ՝ անվստահությունը խորացնելու նպատակով, ընտրողին անտարբեր դարձնելու նպատակով, որը լավ բանի չի բերի»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG