Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրապարակում սովամահ լինելը բարձր նշաձող չէ»


Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս է տալիս Ազատության հրապարակում, Երեւան, մարտ, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս է տալիս Ազատության հրապարակում, Երեւան, մարտ, 2013թ.

«Ժառանգության» առաջնորդը չի համարում, թե հացադուլից դուրս գալով` իջեցնում կամ ստվերում է իր իսկ սահմանած պայքարի նշաձողը:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը իր 21-օրյա հացադուլը չի կապում ապրիլի 9-ի հետ:

Նա նաեւ չի կիսում այն կարծիքը, որ հացադուլ անելով, այսինքն` սահմանելով պայքարի այդքան բարձր նշաձող, ապա հացադուլից դուրս գալով` իջեցնում կամ ստվերում է այդ բարձր նշաձողը:

«Ես երբ որ նախաձեռնեցի այս փուլը, ես դա արեցի իմ որոշմամբ, իմ հավատքով եւ իմ քաղաքացիական դիրքորոշմամբ: Ես երբեք չկապեցի հաց չուտելը ապրիլի 9-ի հետ, երբեք: Դա միշտ եղել է իմ որոշումը, եւ ես որոշեցի 21 օր այդ վիճակի մեջ լինելով, հորդոր ուղարկելով իմ վարքով առաջին հերթին` ինձ, եւ հետո` իմ համաքաղաքացիներին, ակտիվ պայքարի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Հովհաննիսյանը` շարունակելով. - «Մինչեւ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածը մենք պիտի լինենք ճակատի վրա` քաղաքացիների հետ շփումներով, եւ ես չէի ասի, որ հացադուլ հայտարարելը կամ դուրս գալը դա նշաձողի հետ կապ ունի»:

«Նշաձողն այն է, որ ապրիլի 9-ին այսպես թե այնպես պետք է ունենանք Նոր Հայաստանի հռչակում», - նշեց «Ժառանգության» առաջնորդը:

«Հրապարակում սովամահ լինելը դա բարձր նշաձող չէ, նշաձողը դա ժողովրդինն է, նշաձողը դա այն է, որ ես` Րաֆֆի Հովհաննիսյանս, ասել եմ բազմաթիվ անգամներ` որպես իմ հանձնառություն եւ նվիրման գրավական, այն, որ այս պայքարը համաժողովրդական է, ինչ անելու ենք` պատասխանատու ենք լինելու միասին եւ ոչ անձամբ ես», - հայտարարեց Հովհաննիսյանը եւ հավելեց. - «Իհարկե, ես լիազորություն ստացա փետրվար 18-ին եւ ես պարտավոր եմ նաեւ ի կատար ածել ժողովրդի ընտրությունը»:

«Մարզային այցելություններով պայքարի նոր փուլ ենք մտել», - ասաց «Ժառանգության» առաջնորդը, - «Ես որոշել եմ` պետք է լինի առանց հացադուլի, որովհետեւ մենք գնում ենք ապրիլի 9-ի Նոր Հայաստանի համար, եւ կրկնում եմ` ով գնաց ազգային մեր ծրագրի դեմ, ով չհանդիպեց ժողովրդին կես ճանապարհին եւ դրա հիմքում ինքը այդ երդումը կատարեց` հայտնի, ապրիլի 9-ին , ես կարծում եմ, որ ինքը երաշխավորը պիտի դառնա իր սեփական ինքնամեկուսացման եւ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության վերջնական ընդվզման: Ես չեմ ուզում, ես ուզում եմ, որ դա վերանայվի, շրջահայաց պատասխանով ժողովրդին դիմի ազգային միասնության ծրագրով»:

Հակառակ պարագայում, Հովհաննիսյանի կարծիքով, «շատ մոտ ապագային նա, ով կատարում է այդ երդումը, որը հակաժողովրդական եւ հակասահմանադրական է, ինքը ի վերջո պիտի երբեւէ չկարողանա իրավակարգ նախագահ որպես ներկայացնել ժողովուրդը, ժողովրդի վստահության քվեն` թե՛ ներքին, թե՛ արտաքին հարաբերություններում»:

Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելությունները շարունակվում են այսօր:
XS
SM
MD
LG