Մատչելիության հղումներ

Ապրիլի 2-3-ը` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչներ


Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ, մարտ, 2013թ.

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խաղի ժամանակ, մարտ, 2013թ.

Եվրոպական չորս քաղաքներում տեղի կունենան լարված հանդիպումներ։

Այսօր եւ վաղը Եվրոպայի լավագույն թիմերը կանցկացնեն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Փարիզում «Պարի Սեն Ժերմեն»-ը ընդունելու է Բարսելոնայի նույնանուն ակումբին, իսկ Մյունխենի «Բավարիան»` Թուրինի «Յուվենտուս»-ին։

Վաղը Մալագայի նույնանուն ակումբը կընդունի Դորթմունդի «Բորուսիա»-ին, իսկ Մադրիդի «Ռեալ»-ը` Ստամբուլի «Գալաթասարայ»-ին։

Այս ութ ակումբներից հինգն իրենց ազգային առաջնություններում այլեւս անհասանելի են մրցակիցների համար եւ գրեթե 100 տոկոսով չեմպիոնի տիտղոս են ապահովել։

«Բավարիա»-ն վերջին խաղում 9:2 աներեւակայելի հաշվով ջախջախել է «Համբուրգ»-ին եւ Բունդեսլիգայում 20 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը գրավող «Բորուսիա»-ից։

Քառորդ եզրափակիչում «Բավարիա»-ի մրցակից «Յուվենտուս»-ը Սերիա Ա իտալական ազգային առաջնությունում 9 միավորով առաջ է անցել երկրորդ տեղը գրավող «Նապոլի»-ից։

«Պարի Սեն Ժերմեն»-ը ֆրանսիական առաջին լիգայում 7 միավորի առավելություն ունի երկրորդ տեղը գրավող Մարսելի «Օլիմպիկ»-ի նկատմամբ, իսկ Ստամբուլի «Գալաթասարայ»-ը 4 միավորով առաջ է նույն քաղաքից բարձրագույն լիգայում ներկայացված «Ֆեներբահչե»-ից։

Մինչդեռ Մադրիդի «Ռեալ»-ը եւ Դորթմունդի «Բորուսիա»-ն լավագույն դեպքում կարող են մրցել իրենց լիգաներում երկրորդ տեղերի համար։

Քառորդ եզրափակիչի այս հանդիպումներին հատուկ են ուշագրավ հոգեբանական նրբերանգներ. «Պարի Սեն Ժերմեն»-ի աստղ, Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խաղալու է իր երբեմնի թիմի` «Բարսելոնա»-ի դեմ։

«Պարի Սեն Ժերմեն»-ը վերջին անգամ 18 տարի առաջ է խաղացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում` 1994-95 թվականների մրցաշարում հաղթել է… «Բարսելոնա»-ին։ Դրանից հետո ֆրանսիական թիմը որեւէ միջազգային հաջողություն չի գրանցել, մինչդեռ «Բարսելոնա»-ն երեք անգամ նվաճել է Չեմպիոնների գավաթը։

«Ռեալ»-ի մրցակից «Գալաթասարայ»-ի կազմում են Դիդյե Դրոգբան եւ Ուեսլի Շնայդերը, նրանցից առաջինի հետ «Ռեալ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխատել է Լոնդոնի «Չելսի»-ում, երկրորդի հետ էլ` Միլանի «Ինտեր»-ում։

Բացի այդ, «Ռեալ» - «Գալաթասարայ» հանդիպմանը մրցելու են Չեմպիոնների լիգայի այս սեզոնի լավագույն ռմբարկուները` 8-ական գոլ գրանցած պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ թուրք Բուրաք Յըլմազը։

Այս մրցաշրջանը շատ կարեւոր է թե՛ «Ռեալ»-ի եւ թե՛ Մոուրինյոյի համար։ Եթե մադրիդցիները հաղթեն, դա կլինի նրանց հոբելյանական` 10-րդ հաղթանակը Եվրոպայի Չեմպիոնների լիգայում, իսկ Մոուրինյոն կդառնա աշխարհի առաջին մարզիչը, ով երեք անգամ երեք տարբեր թիմեր ղեկավարելիս կնվաճի Չեմպիոնների գավաթը։ Առաջին անգամ նա հաղթել է որպես «Պորտու»-ի մարզիչ, երկրորդ անգամ` Միլանի «Ինտեր»-ի։

Չեպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 9-ին եւ 10-ին։

Կիսաեզրափակիչների առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 23-24-ը, երկրորդը` ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 25-ին Լոնդոնում` «Ուեմբլի» մարզադաշտում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG