Մատչելիության հղումներ

Դպրոցական արձակուրդը երկարաձգելու «անհրաժեշտություն չկա»


Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանն ասում է, որ դպրոցների վերաբացման պատճառով կավելանան գրիպով եւ այլ շնչառական վարակներով հիվանդացողները: Մասնագետը, սակայն, վստահեցնում է, որ անհրաժեշտությունը չկա եւս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդները` խուսափելու համար նոր բռնկումներից:

«Անհրաժեշտություն չկա, քանի որ հիվանդացությունը նվազում է, եւ մարտը համարվում է սեզոնի ավարտը, իրավիճակի վատթարացում չի լինի, քանի որ եղանակային պայմանները ինքնին նպաստում են հիվանդացության մարմանը, օրերը կամաց-կամաց տաքանում են, աշխուժացում կդիտվի` դպրոցների հետ կապված, բայց վատացում` որպես այդպիսին չի լինի», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Թորոսյանը:

Առողջապահության եւ գիտության եւ կրթության նախարարությունները որոշում էին ընդունել մեկ շաբաթով երկարաձգել դպրոցական արձակուրդները` գրիպի բռնկման պատճառով: Այսօր արձակուրդի վերջին օրն է, վաղը երեխաները նորից դպրոց կգնան:

Թորոսյանն ասում է, որ դպրոցներում կհերթապահեն իրենց աշխատակիցները, որոնք գրիպի նշաններ ունեցող երեխաներին թույլ չեն տա մասնակցել դասերին:
Մասնագետները կոչ են անում հիվանդ երեխաներին դպրոց ու մանկապարտեզ չտանել, հիվանդ մեծահասականերին էլ` աշխատանքի չգնալ, ինքաբուժությամբ չզբաղվել:

Ներկայումս H1N1 վիրուսից` «խոզի գրիպից» բացի, եւս մի քանի տեսակի շնչառական վարակներ են շրջանառվում: Առողջապահության նախարարության տվյալներով` հիվանդների թիվը օրեցօր նվազում է:

Վերջին երկու ամիսների ընթացքում «խոզի գրիպի» բարդություններից Հայաստանում երեք մարդ է մահացել` երիտասարդ հղի կին եւ երկու տղամարդ: Այսօր գրիպի հիմնական բարդությունից` թոքաբորբից Երեւանի եւ մարզերի հիվանդանոցներում մոտ 180 մարդ է բուժում ստանում: Նրանց մեծ մասը երեխաներ են:

«Մարզերում 90 մարդ է բուժվում, իսկ Երեւան քաղաքում` մոտ 80, նրանց 60 տոկոսը 0-14 տարեկան երեխաներ են», - ասում է Թորոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG