Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են որոշ թատրոնների դահլիճները կիսադատարկ


Երեւանի որոշ թատրոններում խաղացանկային ներկայացումներին դահլիճները ամբողջությամբ չեն լցվում, որովհետեւ թատրոնները չեն ներկայացնում հասարակությանը հուզող խնդիրներ, կարծում է արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը:

Մանարյանի հետ համամիտ է Կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը:

«Երբ հանդիսատեսը գալիս է թատրոն, նա ուզում է ինչ-որ բան տեսնել, որն իրեն կհուզի: Այդ պատճառով մենք թատրոնում փորձում ենք ներկայացումներ բեմադրել արդիական թեմաներով, ինչպես նաեւ դրանք նորովի ներկայացնել», - ասում է Երնջակյանը:

Հենց այդ պատճառով էլ Երնջակյանի կարծիքով` Կամերային թատրոնը հանդիսատեսի խնդիր չունի: Կամերայինի դահլիճն ավելի փոքր է, սակայն այդ բացը լրացնում են շաբաթական ավելի հաճախ ներկայացումներ խաղալով: Բացի այդ, փոքր դահլիճը հանդիսատեսին թույլ է տալիս իրեն ներկայացման մասնակից զգալ:

«Ամբողջ աշխարհն է արդեն անցել այսպիսի փոքր թատրոնների, որոնց մեջ քեզ ավելի անմիջական ես զգում: Այսօրվա երտասարդությունն ավելի արագ տեմպի մեջ է ապրում, թատրոնում էլ դու այդ տեմպը պիտի նրան պարգեւես, այլապես նա կգերադասի այդ ժամանակը համացանցում անցկացնել», - ասում է ռեժիսորը:

Երնջակյանի կարծիքով` հին ձեւի մեջ թատրոնն այժմ ավելի շատ հետաքրքրում է ավագ սերնդի ներկայացուցիչներին, ովքեր սովոր են այդ տեսքին:

Երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանի կարծիքով` թատրոնների դահլիճները կիսադատարկ են այժմ գոյություն ունեցող ինֆորմացիայի ավելցուկի պատճառով:

«Ուզենք, թե չուզենք, թատրոնը ժամանցի մասնիկ է, իսկ այսօր այդ ժամանցը կազմակերպելու այլընտրանքը շատացել է. կա համացանց, ակումբներ, սրճարաններ, որտեղ էլ շատ մարդիկ նախընտրում են անցկացնել իրենց ժամանցը», - նշեց Մարգարյանը:

Մեր զրուցակիցները չեն կարծում, թե մարդկանց սոցիալական վիճակն է պատճառը, որ ներկայացումներն անցնում են կիսադատարկ դահլիճներում:

«Բնավ չեմ կիսում այդ կարծիքը: Կարծում եմ, որ գոնե յուրաքանչյուր երկրորդ երեւանցի կարող է շաբաթական մեկ անգամ իրեն թույլ տալ 1000-2000 դրամ տրամադրել տոմսի համար, քանի որ եթե փորձի համար մտնենք Երեւանի կենտրոնում գտնվող սրճարանները, ուղղակի տեղ չի լինում նստելու, իսկ դա շատ ավելի թանկ հաճույք է», - ասասց Գոռ Մարգարյանը:

«Եթե թատրոնը թատրոն լինի, հասարակությունը ժամանակ կգտնի, հաց չի ուտի, կգնա թատրոն: Ես այդ օրերը տեսել եմ», - նշեց Երվանդ Մանարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG