Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ժամադրությանն ընդառաջելու եւ Կապանում այսօր ժողովրդի առաջ նրա հետ հանդիպելու անհրաժեշտություն չի զգացել:

Մարզպետը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, թե Հովհաննիսյանը կարող էր գնալ մարզպետարանում իրեն հանդիպել, եթե ասելիք ուներ: Նա միաժամանակ վստահեցնում է, որ Կապանում «Ժառանգության» առաջնորդի այսօրվա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպին ինքը որեւէ առնչություն չունի:

Սուրիկ Խաչատրյանը իր վերջին հարցազրույցներից մեկում Հովհաննիսյանի հորը` պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանին մեղադրել էր «հայոց պատմությունը կեղծելու» մեջ եւ սպառնացել էր ֆիզիկական հաշվեհարդար տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, «եթե իմանա, որ դա ճիշտ է»: Ի պատասխան «Ժառանգության» առաջնորդը ուրբաթ օրվա հանրահավաքում նրան ժամադրեց Կապանում ժողովրդի առաջ հանդիպման: Մարզպետը, սակայն, հանդիպման չգնաց:

«Ես Կապանում էի, թող բարի լիներ, գար եւ հանդիպեր: Ես իմ տեղում նստած էի, ասելու բանն էլ ինքն ուներ, բարի լիներ գար, հանդիպեր, ոչ թե ինձ հրավիրեր մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ բանավեճի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մարզպետը:

Դիտարկմանը, թե «Դուք բավական կոպիտ էիք արտահայտվել», Խաչատրյանը հակադարձեց. - «Ընդհանրապես խոսքս կեղծարարներին է վերաբերվում, եթե իրենց մեջ այդ կեղծարարությունը չկա, ինչի՞ համար են վատ զգում»:

Սյունիքի մարզպետը վստահեցնում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հավաքը խոչընդոտողներին չի էլ ճանաչում:

Կապանում «Ժառանգության» առաջնորդի ելույթի ժամանակ, երբ նա պահանջել էր Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը, փոքրաթիվ հավաքի մասնակիցներից մի քանիսը պահանջել էին Հովհաննիսյանից հեռանալ` նրան մեղադրելով պաշտոններ ուզելու եւ ժողովրդի համար ոչինչ չանելու մեջ: «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այս անձանց որակել էր մարզպետի կողմից ուղարկված «սադրիչներ»` հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանի տեղը քրեակատարողական հիմնարկն է:

«Դե, ուրիշ ի՞նչ ունեն ասելու: Ուրիշ բան չունի, չէ՞, ասելու: Դե, մի բան մարդը պետք է ասեր, էդ ասեց, էլի: Որսորդները մի շատ լավ խոսք ունեն, ասում են` «աղվեսները իրենց մահկանացուն կնքելուց առաջ շատ խիստ զայրացած են լինում, կատաղած»: Րաֆֆի Հովհաննիսյանը ձախողված է, շատ վաղուց ձախողված է», - ասաց Խաչատրյանը, - «Ես ընդհանրապես չեմ էլ ճանաչում, թե ովքեր են եղել այդ խոսողները»:

Ինչ վերաբերում է ընտրակեղծարար մարզպետների պաշտոնանկության` «Ժառանգության» առաջնորդի առաջ քաշած պահանջին, Սյունիքի մարզպետը փոխանցեց, որ «լուրջ չի վերաբերում դրան»:

«Ոչ մի ասած լուրջ չի: Մենք ունենք ընտրված նախագահ, եւ մարզպետների, եւ կառավարության, եւ ընդհանրապես էս բոլորի խնդիրը պայմանավորված է մեր երկրի նախագահով: Նախագահը կորոշի` ով կաշխատի, ով` ոչ: Եթե մենք կարդարացնենք մեզ մեր աշխատանքում, ուրեմն կշարունակենք աշխատել, եթե չենք արդարացնի, չենք աշխատի: Րաֆֆիի նման շատ մարդիկ կարող են նման արտահայտություններ անել, հո էդ բոլոր արտահայտություններին տեղիք չենք տալո՞ւ: Նրա ասածների մեջ շատ անլրջություն կա», - եզրափակեց Սյունիքի մարզպետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG