Մատչելիության հղումներ

logo-print

Դիարբեքիրի հայկական եկեղեցում 98 տարում առաջին անգամ զանգ է հնչել


Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայ համայնքը 98 տարվա մեջ առաջին անգամ հնչեցրել է Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգը` տոնելով Սուրբ Հարությունը, սակայն պատշաճ պատարագ չի կարողացել մատուցել` հոգեւորականի բացակայության պատճառով: Այդ մասին երեկ հաղորդել է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Դիարբեքիրի հայկական եկեղեցին գրեթե մեկ դար չգործելուց հետո վերջերս է վերանորոգվել, ինչին հատկացվել է 3 միլիոն 200 հազար դոլար: Բրոնզե զանգը պատրաստվել է Ռուսաստանում:

Սուրբ Հարության պատարագ մատուցելու համար Դիարբեքիր հոգեւորականներ գործուղելու` տեղի հայ համայնքի դիմումին Պոլսո Հայոց պատրիարքարանը արձագանքել է, որ հոգեւորականը այնտեղ կարող է լինել միայն մեկ շաբաթից: Այդ իսկ պատճառով եկեղեցում պատարագ չի մատուցվել, թեեւ հայ համայնքը տոնը նշել է:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` երկրի քրիստոնյա համայնքների կողմից նշվող Սուրբ Հարության տոնի կապակցությամբ երեկ պաշտոնական հայտարարություններ են հրապարակել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Հավատում ենք, որ խաղաղության եւ ապահովության մեջ համատեղ ապրելու մեր մշակույթը կգերիշխի, ինչպես եղել է անցյալում», - հայտարարել է, մասնավորապես, Էրդողանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG