Մատչելիության հղումներ

Միջադեպ Կապանում Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ


Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական նախորդ հանդիպումը Կապանում, փետրվար, 2013թ.

Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական նախորդ հանդիպումը Կապանում, փետրվար, 2013թ.

«Ժառանգության» առաջնորդի կողմնակիցների եւ ընդդիմախոսների միջեւ բանավեճը վերաճեց հրմշտոցի:

Երկուշաբթի օրը միջադեպ գրանցվեց Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանդիպման ժամանակ:

Հովհաննիսյանը ելույթ էր ունենում` պահանջելով, մասնավորապես, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականը, երբ ներկաներից նախ մի կին սկսեց բողոքել եւ պահանջել, որ նա չխանգարի Մեռելոցը եւ հեռանա, քանի որ «պաշտոններ է ուզում իր համար, իսկ ժողովրդի համար ոչինչ չի արել եւ չի ուզում», ապա կնոջը միացան այլ ներկաներ եւս:

«Ժառանգության» առաջնորդը եւ իր կողմնակիցները «սադրիչներ» որակեցին այդ անձանց, սակայն վերջիններս շարունակեցին խանգարել Հովհաննիսյանի ելույթը, ինչը, ի վերջո, վերաճեց հրմշտոցի նախագահի նախկին թեկնածուի կողմնակիցների եւ ընդդիմախոսների միջեւ:

Միայն այդ ժամանակ ոստիկանության աշխատակիցները սկսեցին հայտարարել, որ միջոցառման մասին տեղական իշխանությունները իրազեկված չեն, այն ապօրինի է, եւ պահանջեցին դադարեցնել հավաքը: Ներկաների մի խումբը ողջունեց այդ հայտարարությունը, վանկարկելով` «հեռացեք, հեռացեք»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը չեկավ ժամադրության` փոխարենը այլոց ուղարկելով իր հավաքը խանգարելու համար, ապա ավարտեց ելույթը եւ հայտնեց, որ եկեղեցու այցելելուց հետո կմեկնի մարզի Գորիս քաղաք:

Նախօրեին 21-օրյա հացադուլը դադարեցրած «Ժառանգության» առաջնորդը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հիմա՞ ինչ ուղերձով է գնում մարզեր, ասել էր. - «Մենք մեր քաղաքացիների բանակը խաղաղ, սահմանադրական պիտի զորաշարժի ենթարկենք եւ սահմանադրական Նոր Հայաստանի պատգամը տանենք քաղաքից քաղաք, որովհետեւ ժողովուրդը փետրվարի 18-ին համոզիչ հաղթանակ տարել է ամենուր, եւ պիտի նախապատրաստվենք ապրիլի 9-ի Նոր Հայաստանի հիմնադրման եւ երդմնակալության»:

«Եվ նաեւ այդ ոչ թե այցելության` այդ ուխտագնացության շրջանակներում պիտի գյուղում եւ քաղաքում հանդիպենք մեր համաքաղաքացիների հետ եւ նաեւ այն քաղաքացիների կողքին կանգնենք, ովքեր պայքարել են իրենց իրավունքների համար բիրտ վարչակարգի ուղղահայացի դեմ` դա լինի մարզպետի, քաղաքապետի, գյուղապետի դեմքով, եւ պիտի կանգնենք իրավացի եւ իրավատեր բոլոր քաղաքացիների կողքին», - նշել էր Հովհաննիսյանը:

«Ինչպես գիտեք, մենք պիտի սկսենք մեր հանդիպումները հենց Կապանում, որտեղ Կապանի ժողովուրդը վերջապես ցույց տվեց, որ Սյունիքը ազատ է, անկախ եւ հպարտ, եւ Նժդեհը ոչ թե ինչ-որ պաշտոնյա իր կենացներով է հետ բերել, այլ ժողովուրդը փետրվարի 18-ին Նժդեհը վերադարձրեց Սյունիք», - կիրակի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր «Ժառանգության» առաջնորդը:

«Ի դեպ, մարզպետին էլ եք ժամադրել, հնարավո՞ր է` Դուք այցելեք իրեն, եթե չգա հրապարակ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին էլ Հովհաննիսյանը պատասխանել էր. - «Մենք կհանդիպենք ճիշտ իր գրասենյակի առջեւ, ինքը կարող է իջնել եւ ինչ ուզում է` կարող է ասի կամ անի ժողովրդի առջեւ, եւ կտեսնենք, թե ժողովուրդը իրեն ինչ ասելիք եւ անելիք կունենա ի պատասխան»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG