Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը դուրս եկավ հացադուլից


«Ժառանգության» առաջնորդը պատրաստ է հանդիպել Հայաստանի նախագահի հետ ցանկացած վայրում, բայց ոչ՝ Բաղրամյան 26-ում։ԼՐԱՑՎԱԾ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կիրակի առավոտյան դադարեցրեց իր 21 օր շարունակված հացադուլը։

Ժամը 10-ին դուրս գալով Ազատության հրապարակում իր վրանից, Հովհաննիսյանը հանդես եկավ կարճատեւ հայտարարությամբ՝ շնորհակալություն հայտնելով այս օրերին իրեն աջակցած բոլոր քաղաքացիներին։

Նա ասաց, թե այսօր ինքնամաքրման իր պայքարի այս փուլը ավարտվում է, եւ այժմ մտնում են այնպիսի մի շրջան, երբ յուրաքանչյուրը պետք է սթափ մտածի իր քայլերի մասին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ տվեց 21-օրյա այս հացադուլը իր պայքարի ընթացքում, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. - «Ինձ տվեց հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայականը։ Ես շատ եմ ուզում, որ այս օրվա պատգամով, օրհնանքով, աղոթքով ապրիլի 9-ին մենք ունենանք ազգային միասնություն, որը մի հոգուց կախված չէ։ Ես կգնահատեմ բոլորի քայլերը, նաեւ՝ պարոն Սարգսյանի, ըստ արժանվույնս»։

«Մեր առաջարկները սեղանի վրա են, եւ կգնահատեմ, եթե կա քայլ դեպի ժողովուրդ, դրական, իսկ եթե բացակա է այդ քայլը՝ նույնպես կգնահատեմ», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շարունակելով. - «Մենք մտնում ենք այն շրջան, որ ամեն մեկս պիտի սթափ, շրջահայաց եւ ապագայի զարկերակով մտածի իր յուրաքանչյուր քայլը, դուրս գա ածականներից, ռեպլիկներից, չար որակումներից։ Մենք պարտական ենք Սուրբ Հարության այս տոնի պատգամով եւ պահանջով այնպես անել, որ ունենանք համերաշխ, ներդաշնակ, միասնական ազգ եւ պետություն»։

Այնուհետեւ նա հայտարարեց, որ ընտանիքի հետ Ազատության հրապարակից ուղեւորվում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Հարության պատարագին։

Էջմիածնի Մայր տաճարում պատարագին մասնակցում էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Էջմիածնում հանդիպել Սարգսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Ես գնում եմ իմ աղոթքը ասելու, մասնակցելու պատարագին, ես չեմ նայում, թե ով ուր է գնում, սա մեր ընտանիքի որոշումն է։ Սուրբ Ծննդյան օրը այս տարի նույնպես մեր ընտանիքը ներկա էր, այն ժամանակն էլ՝ պարոն Սարգսյանը նույնպես, բայց ես գնում եմ որպես հավատացյալ, որպես մայր եկեղեցու հավատավոր զավակ Սուրբ Հարության պատարագին մասնակցելու համար եւ ոչ երբեք քաղաքական նպատակով։ Բարեւը բոլորինն է եւ Աստծունը»։

Հանդիպումը չկայացավ


Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ Մայր Աթոռ, նախագահ Սերժ Սարգսյանը իշխանական վերնախավի հետ արդեն այնտեղ էր։

«Ժառանգության» առաջնորդը, ի դեպ, հրաժարվեց մոտենալ խորանին եւ կանգնած մնաց ժողովրդի մեջ։

Մոտ մեկ ժամ պատարագին մասնակցելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ Էջմիածնի Մայր տաճարից՝ չսպասելով պատարագի ավարտին։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ մինչեւ վերջ չմնաց պատարագին, «Ժառանգության» առաջնորդ ասաց. - «Լսեցինք Վեհափառի խոսքը, «Հայր մեր»-ն ասացինք, երեկ երեկոյան Ազատության հրապարակում ինձ այցելեց տեր Գրիգորը եւ ես հաղորդություն ստացա եւ խոստովանեցի»։

Իսկ հարցին էլ՝ քանի որ այսօր Էջմիածնում չկայացավ իր հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, պատրա՞ստ է արդյոք այլ վայրում հանդիպել նրա հետ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հացադուլը դադարեցված է եւ ինքն էլ դուրս է եկել Ազատության հրապարակից, Հովհաննիսյանը արձագանքեց, թե այնպես չէ, որ ինչ-որ բան պետք է հաջողվեր՝ հաջողելու համար չէ, որ ինքը այստեղ է։

«Դուք գիտեք, որ ես ունեմ նամակ ուղարկված՝ շատ շոշափելի առաջարկներով, ինքը կարող է, թե եթե լուրջ է, որ ապրիլի 9-ին ունենանք քաղաքական համալիր լուծում եւ ազգային միասնություն, կարող է թե՛ բովանդակային պատասխան տալ այդ նամակին, իսկ եթե ինքը պատրաստ է, եթե ինքը ցանկանում է, առանց պատասխանելու իմ շոշափելի համալիր առաջարկին, ցանկանում է նախաձեռնել հանդիպում, ես բաց եմ դրա առջեւ, ես պատրաստ եմ լսել իր ցանկացած առաջարկ», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ «պարտադիր չէ՞, որ դա լինի Ազատության հրապարակում», «Ժառանգության» առաջնորդը արձագանքեց. - «Ոչ էլ Բաղրամյան 26 [նախագահական նստավայրում]»։

«Բայց ցանկացած այլ վայրում պատրաստ եք հանդիպել», - ի պատասխան այս ճշտման՝ Հովհաննիսյանը հայտարարեց. - «Ես ասել եմ՝ պատրաստ եմ լսել իր ցանկացած առաջարկ, որը հնի կրկնությունը չէ, այլ իրապես ամբողջական պատասխան է տալիս այսօրվա համազգային մարտակոչին, որը նշանակում է, որ պիտի լինի հայ ժողովրդի վերածնունդը արտացոլող համապարփակ լուծում։ Եվ մենք մերը ներկայացրել ենք՝ դա մեր համալիր առաջարկն է, եթե իրենք ուրիշ բան ունեն ասելու՝ կարող են ասել»։

«Եվ ես կրկնում եմ, որ ազգային միասնությունը անպայման լինելու է, բայց տվյալ դեպքում ինքը պիտի դուրս գա իր նեղ ներկուսակցական շրջապատից եւ դառնա այն գործիչը, որ ժողովրդին դիմավորում է կես ճանապարհին եւ կիսում է մեր երկրի անվտանգությունը, ինքնությունը, ազգային շահը եւ սահմանադրական ապագան մեր ժողովրդի հետ հավասարը հավասարին», - ասաց «Ժառանգության» առաջնորդը։

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները չընդունող Րաֆֆի Հովհաննիսյանը վաղն առավոտյան վերսկսում է իր մարզային այցելությունները։ Մինչեւ ուրբաթ նա կլինի Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում։

«Ժառանգության» առաջնորդը վաղը շրջայցը սկսում է Սյունիքի մարզկենտրոն Կապանից, որտեղ վաղ առավոտյան մարզպետարանի առջեւ ժամադրել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG