Մատչելիության հղումներ

Չնայած հացադուլը դադարեցնելու որոշմանը` Րաֆֆի Հովհաննիսյանը ուժի մեջ է համարում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր առաջարկները` նշանակել նոր նախագահական ընտրություններ կամ մինչեւ տարեվերջ անցկացնել արտահերթ խորհդարանական ընտրություններ` մինչ այդ ընդդիմությանը փոխանցելով առանցքային մի շարք պաշտոններ:

Ավելին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդը հայտարարեց, թե հույս ունի, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին հստակ քայլով լուծում կտա ստեղծված իրավիճակին. - «Հույս ունեմ, որ գործող նախագահը մինչեւ ապրիլի 9-ը իր քայլով կմասնակցի ժողովրդի այդ ոգու, այդ գիտակցության, այդ իրավունքի վերածննդի արարողությանը: Ինքը պետք է մասնակցի: Ապրիլի 9-ին մենք հնարավորություն ունենք իսկապես ունենալ քաղաքական լուծում: Մնացածը թող նա մտածի»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մասնավորապես ակնկալում է, որ իշխանությունները զերծ կմնան կազմակերպել Սերժ Սարգսանի երդմանակալությունը, որը, ինչպես ընդդիմադիր գործիչը ձեւակերպեց` հիմնված է լինելու ստի եւ կեղծքի վրա. - «Իսկ եթե այդպես արեցին, ես կարող եմ ասել եւ պնդել, որ դա պետության եւ մայր եկեղեցու ընդհանրական շահը չի ներկայացնելու: Պետությունը, ինչպես նաեւ մայր եկեղեցին պատկանում են ժողովրդին»:

Հարցին, թե արդյոք իր ասածը նշանակում է, թե հույս ունի, որ Սերժ Սարգսյանի չի երդվի, Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ես հույսս որեւէ մեկի վրա չեմ դնում: Այդ թվում` նաեւ պարոն Սարգսյանի: Ինքը եթե ուզում է ընկալել պահը, ինքը պիտի քայլը անի: Իմ հույսս միմիայն հայ ժողովրդի հետ է»:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր վերջին` 21-րդ գիշերը կանցկացնի Ազատության հրապարակում: Վաղն առավոտյան նա հադես է գալու հայտարարությամբ, ապա հեռանալու է հրապարակից` մասնակցելու Սուրբ Հարության տոնի պատարագին եւ ընտանիքի հետ նշելու տոնը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի հայաստանյան գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Առաջին կանգառը Կապանն է, որտեղ, հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը ժամադրել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին:
XS
SM
MD
LG