Մատչելիության հղումներ

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի որակմամբ` իշխանություններին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջները, ոչ միայն հակասահմանադրական են, այլեւ` անտրամաբանական:

«Երբ նախագահական ընտրություններից հետո փորձ է արվում կիսել քաղաքական իշխանությունը, սա արդեն իսկ հակասահմանադրական է, որովհետեւ կառավարությունը ձեւավորվում է պառլամենտական ընտրություններից հետո», - լրագրողներին շաբաթ օրը ասաց Թովմասյանը` շարունակելով. - «Մի մասին ես չէի անվանի հակասահմանադրական, ես ավելի շատ կանվանեի հակատրամաբանական, որովհետեւ եթե մենք ուզում ենք մարզպետ ինչ-որ մարդկանց նշանակել, ապա պիտի քաջ հասկանանք, որ մարզպետը ոչ այլ ոք է, քան կառավարության քաղաքականությունը տեղում իրականացնող: Եվ այստեղ կոնֆլիկտ է առաջանում: Ուղղակի չի կարող կառավարությունը մի թիմ լինել, իսկ տարածքային կառավարում իրականցնող մարզպետները` այլ»:

«Իսկ մնացածը, պառլամենտի հետ կապված եւ այլն… Արտահերթ պառլամենտական ընտրություններն ուղղակի հակասահմանադրական են, եւ չի կարող քաղաքական որոշմամբ որոշվել, որ պետք է արտահերթ պառլամենտական ընտրություններ անցկացնել», - հավելեց նախարարը:

Մարտի 22-ին հրավիրած հանրահավաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր առաջարկները հնչեցրեց Սերժ Սարգսյանին` նախագահական նոր ընտրություններ չնշանակելու դեպքում առաջարկելով այս տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` նախապես, սակայն, վերացնելով մեծամասնական ընտրակարգը:

Բացի այդ, ընդդիմադիր առաջնորդը պահանջեց մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը առնվազն հինգ մարզպետների ազատել աշխատանքից` այդ պաշտոններում նշանակելով իր ներկայացրած մարդկանց:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ղեկավար պաշտոններ պահանջեց գլխավոր դատախազությունում, հարկային եւ մաքսային, ազգային անվտանգության ծառայություններում, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ կրթության ու գիտության նախարություններում, վերստուգիչ պալատում, արդարադատության խորհրդում եւ հակակոռուպցիոն հանձնաժողովում:

Երեք օր անց` մարտի 25-ին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը արձագանքեց «Ժառանգության» ղեկավարի առաջարկներին` նշելով, որ չնայած այդ առաջարկները «հեռու են պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում են գործող սահմանադրական կարգավորումներին, այդուհանդերձ, կարող են օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»:

Սերժ Սարգսյանը նաեւ հորդորել էր Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը եւ մեկ-երկու օր կազդուրվելուց հետո, «միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների» սկսել աշխատել` «անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»:

Արձագանքելով Սերժ Սարգսյանի այս նամակին` Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահին քննարկման համար հրավիրեց Ազատության հրապարակ, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե «նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG