Մատչելիության հղումներ

Մարտի 30-ի մամուլ


«Ժողովուրդ»-ի խմբագիրը գրում է. - «Եվ այսպես` «ոչ մի զադնի» կարգախոսով փետրվարի 20-ից Ազատության հրապարակում հանրահավաքներ անող եւ վերջին 20 օրերին հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, որ մարտի 31-ին կդադարեցնի հացադուլը, իսկ արդեն ապրիլի 1-ից մինչեւ 5-ը կշրջի Հայաստանի մարզերում: Ինչպես տեսանք, Րաֆֆի Հովհաննիսյանը հավատարիմ մնաց ինքն իրեն` հերթական անգամ հաստատելով, որ հակասական եւ անկանխատեսելի գործիչ է, որի եւ ոչ մի հայտարարություն չի կարելի դիտարկել որպես անվերապահ եւ անշրջելի դիրքորոշում: Հատկապես Սերժ Սարգսյանի վերջին նամակից հետո, որով նա կոչ էր արել դադարեցնել հացադուլը եւ մեկ-երկու օր կազդուրվելուց հետո առանց շոուների նստել քննարկման սեղանի շուրջ, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել էր հացադուլը չդադարեցնելու եւ բացառապես Ազատության հրապարակում հանդիպելու անդրդվելի վճռականությամբ, երեկվա նրա որոշումը, մեղմ ասած, տարակուսելի է, եւ, ցավոք, ամենատարբեր մեկնաբանությունների տեղիք տվող: Բնականաբար` Րաֆֆու կողմնակիցները կփորձեն հացադուլի դադարեցումը ներկայացնել որպես մարտավարական հնարք»:

Նույն հարցին է անդրադարձել «Առավոտ»-ի խմբագիրը. - «Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը՝ հացադուլը դադարեցնելու մասին, ուրախալի լուր է: Ոչ մի նորմալ մարդ չի ցանկանում, որ որեւէ մեկը իրեն միտումնավոր կերպով վնաս տա եւ փչացնի իր առողջությունը: Կարելի է, իհարկե, ձեռքերը շփել ու չարախնդալ՝ ոչինչ չստացվեց, պարզապես ձեւեր էր թափում եւ այլն: Բայց կարծում եմ՝ առողջության հարցում չի կարելի մարդուն «շիրա տալ» կամ «թասիբի գցել»՝ անպայման շարունակիր քո ինքնախեղումը, թե չէ՝ մենք քեզ կծաղրենք եւ անսկզբունքային կհամարենք: Այդ չարությունը չի կարող արդարացվել որեւէ քաղաքական դրդապատճառով: Հացադուլը դադարեցնելն ունի եւս երկու դրական կողմ. այն թույլ կտա թե’ մնացած քաղաքական ուժերին, թե’ փորձագետներին, թե’ լրատվական դաշտին կենտրոնանալ «Ժառանգության» առաջնորդի ոչ թե առողջական վիճակի կամ սննդակարգի, այլ զուտ քաղաքական քայլերի վրա: Վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հացադուլը դադարեցնելու մասին որոշումն ապացուցում է, որ նրա գործողություններում բացակայում է ընդդիմախոսին սպառնալու, շանտաժելու տարրը, որը, ինչ մեղքս թաքցնեմ, ես տեսնում էի պայքարի այս ձեւի մեջ»:

«Ժամանակ»-ի թղթակիցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին հարցնում է. - «Ի՞նչ զուգահեռներ կանցկացնեք ՀԱԿ-իշխանություն երկխոսության եւ Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսության միջեւ»: Պատասխան. - «Հայ ազգային կոնգրեսը երկխոսության գնաց թիմերի մակարդակով` ընտրված մարդիկ, որ երկխոսում էին, հետո գալիս-պատմում էին թիմի լիդերին, շտաբին: Այստեղ ավելի ուղիղ է. սկզբում լիդերները իրար հետ խոսեցին, հետո խոսեցին նամակներով: Արտաքին նմանությունները կամ տարբերությունները կարեւոր չեն, կարեւորը, որ հին սխալները նորից չկրկնվեն: ՀԱԿ-ը սկսեց կենսական ուժը կորցնել, երբ կտրվեց ժողովրդից: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծես չի կտրվում ժողովրդից, բայց առայժմ այդ կապն ավելի շատ ցուցադրական-թատերական է, քան իրական: Իսկ այդկերպ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կամ նախագահական նոր ընտրություններն անհավանական են դառնում»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին թեպետ դեռ մեկ շաբաթ կա, բայց այն, ըստ էության, կարելի է սկսված համարել։ Դատելով ԲՀԿ-ական տարբեր գործիչների վերջին օրերի հրապարակային հայտարարություններից, Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը մտադիր է «վերցնել» Երեւանի քաղաքապետարանը։ Հետաքրքիր է, օրինակ, հենց միայն այն, որ ԲՀԿ-ն մտադիր է Երեւանում ավելի քան 160 նախընտրական շտաբ բացել։ Եթե նկատի առնենք, որ մայրաքաղաքում ընտրողների թիվը մոտավորապես 770 հազար է, ապա «Բարգավաճ Հայաստանի» ամեն մի շտաբին բաժին է ընկնում միջինը 4800 ընտրող»։

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Օրերս հայտնի դարձավ, որ Դաշնակցությունն առաջարկել է, որ Երեւանի ավագանու ընտրություններում ոչ իշխանական ուժերի հնարավոր միասնական ցուցակը գլխավորի կա’մ Րաֆֆի Հովհաննիսյանը, կա’մ Վարդան Օսկանյանը»: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այս կապակցությամբ ասում է. - «Անկախ նրանից, թե ով ինչպիսի մոտեցումներ ունի երկրի հետ կապված, դա չդարձնենք գլխավոր տարաձայնության առարկա, այլ ոչ իշխանական դաշտը համախմբենք լիարժեքորեն եւ միասնական ցուցակով հասնենք Երեւանում ընդդիմության իշխանության հաստատմանը: Սա էր գաղափարը: Եվ, բնականաբար, մենք այդ բանակցությունները սկսեցինք բոլոր նրանց հետ, ովքեր այսօր ոչ իշխանական դաշտում են: Եվ որպեսզի դա տեղի ունենա, Դաշնակցության հավակնությունները մենք գրեթե զրոյացրել ենք, չենք պահանջել ցուցակը գլխավորել: Մենք խնդիրը միասնական ցանկ առաջացնելն էր: Բայց, դժբախտաբար, չեմ էլ ուզում ոչ մեկին մեղադրել, երկուսով էին, որ չկարողացան որոշել, թե ով կլինի առաջին տեղում: Ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցման մեջ միանշանակություն չկար, եւ նա ասում էր, որ ինքն ընդհանրապես ցուցակում չլինի` համարելով, որ դա նսեմացնում է իր` նախագահական ընտրությունների հաջողությունը»:

Երեկ իր ֆեյսբուքյան էջում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրել է. - «Այս ընտրությունները խիստ կարեւոր են: Ֆորմալ իմաստով, այո, սա քաղաքական ընտրություններ են, բայց ըստ էության` համապետական` հաշվի առնելով Երեւանի կշիռը հանրապետությունում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG