Մատչելիության հղումներ

Այս տարի Ծիծաղի համաշխարհային օրվա` Ապրիլի 1-ի կապակցությամբ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կանցկացվեն բացօթյա կրկեսային միջոցառումներ:

Վարչական շրջաններում մեկժամյա ելույթներ կունենան երկու կրկեսային խմբեր, որոնց կազմում կլինեն ինչպես Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոցի սաները, այնպես էլ արտերկրից ժամանած հայազգի դերասանները:

«Ընդգրկված են կրկեսային արվեստի բոլոր ժանրերը` էկվիլիբրիստիկա, լարախաղաց, ձեռնածուներ, ծաղրածուներ: Կարծում եմ` ժողովուրդը այդ օրը ուրախանալու առիթ կունենա», - նշեց Պետրոսյանը:

Խոսելով Երեւանի կրկեսի առաջիկա ծրագրերի մասին` Սոս Պետրոսյանը նշեց, որ այս օրերին տեղի կունենա Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոցի ընդունելություն` առանց տարիքային եւ ժանրային սահմանափակման: Սոս Պետրոսյանի խոսքով` կադրային հարցը շատ կարեւոր է, քանի որ կրկեսի նոր շենքը, որի շինարարությունն ավարտվելու է մյուս տարեվերջին, հագեցված է լինելու ժամանակակից տեխնոլոգիաներով ու նոր կրկեսային համարների կարիք կունենա.

«Բացի կադրային հարցից, պետք է լուծել նաեւ ռեժիսուրայի հարցը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց կրկեսի գեղարվեստական ղեկավարը` հավելելով, որ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում այս տարի մագիստրատուրայի բաժնում ռեժիսուրայի կուրսում որոշել են ներառել «Կրկես եւ էստրադա» մասնագիտությունը:
XS
SM
MD
LG