Մատչելիության հղումներ

Շուրջ 100 միլիոն դրամ է անհրաժեշտ Գյումրի քաղաքում նոր դիահերձարան կառուցելու համար:

«Կարելի է տեղավորվել 100 միլիոն դրամի մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը:
Դիահերձարանի այժմյան շենքի մասին Հովհաննիսյանն ասաց. - «Այդ շենքում որեւիցե մի չափանիշ փնտրելն անիմաստ է»:

Դիահերձարանի տնօրեն Աշոտ Շահբազյանի կարծիքով նույնպես նոր դիահերձարանի կառուցումն անհրաժեշտություն է. - «100 միլիոնով կարելի է ավելի կոմպակտ, փոքր կառույց ունենալ, լաբորատորիա ունենալ` համապատասխան այսօրվա չափանիշներին»:

Շահբազյանը հավելեց, որ ինքն անձամբ է դիմել նախագահ Սերժ Սարգսյանի եւ դրական պատասխան ստացել:

Հիշեցնենք, Ազգային ժողովի ամբիոնից օրեր առաջ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, թե Գյումրիի դիահերձարանում առնետներ կան. - «Այս տարվա հունվար ամսին Գյումրու դիահերձարանում 78-ամյա հանգուցյալի հարազատները վճարել են դիահերձման համար նախատեսված 36 հազար դրամ գումարը, սակայն հաջորդ օրը պարզվել է, որ հանգուցյալի ձեռքի մատներն առնետները կերել են»:

Մարգարյանը նաեւ այլ սահմռկեցուցիչ մանրամասներ էր ներկայացրել:

«Ճիշտ է շենքը հին է, կառույցը հին է, բայց մաքրությունը, սանհանգույցները մենք ամեն ինչ անում ենք, որ լինի իդեալականին մոտ», - արձագանքեց Աշոտ Շահբազյանը: - «Եթե ընդհանուր առումով ենք մենք վերցնում, մենք չեն կարող այսօրվա չափանիշներին բավարարել այս շենքային պայմաններով»:

Դիահերձարանի նոր շենքի շինարարությունը կարող է սկսվել այս տարի, եւ չի բացառվում, որ Գյումրին հաջորդ տարի ունենա դիահերձարանի նոր շենք:
XS
SM
MD
LG