Մատչելիության հղումներ

Կոմունիստական պետության ղեկավարները մարտական պատրաստության են բերել հրթիռները եւ պնդում են, որ պատերազմը կարող է ցանկացած պահի սկսվել։


«Ամերիկացի իմպերիալիստների հետ հաշիվներ մաքրելու ժամանակը»

Հեռավոր Արեւելքում բորբոքվում է մի կոնֆլիկտ, որը, պայթելու դեպքում, հիրավի աղետաբեր կդառնա ամբողջ մարդկության համար։ Հյուսիսային Կորեան իր հեռահար հրթիռները մարտական պատրաստության է բերել։ Վիճակն էլ ավելի վտանգավոր է այն պատճառով, որ աշխարհից մեկուսացված այդ ծայրահեղ կոմունիստական ճամբար-պետությունն ունի միջուկային ռումբեր։

Փհենյանը հայտարարել է, որ իր հրթիռները կարող են հարվածել Հարավային Կորեայում ամերիկացիների տեղակայած հենակետերին, ավելին` դրանք կհասնեն Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք, ընդ որում` ոճ միայն Խաղաղ օվկիսանոսում գտնվող Հավայան կղզիներ կամ Գուամ, որտեղ կան ռազմակայաններ, այլեւ հենց բուն Ամերիկա։

Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը վկայակոչել է նախագահ Կիմ Չեն Ինին, ով ասել է, թե «եկել է ամերիկացի իմպերիալիստների հետ հաշիվները մաքրելու ժամանակը»։

Հարավային Կորեայի լրատվական գործակալությունների փոխանցմամբ, կոմունիստական Կորեայում զորքերի եւ զինտեխնիկայի լուրջ ակտիվություն ու տեղաշարժ է նկատվում։

«Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները ուշադրությամբ հետեւում են այդ զարգացումներին, հատկապես «Սկադ», «Ռոդոնգ» եւ «Մուսուդան» տեսակի միջին եւ հեռահար հրթիռների տեղափոխումներին», - ասել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության խոսնակ Կիմ Մին-սեկը։


ԱՄՆ-ը համարժեք պատասխան է տալու

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, թե Պենտագոնի որոշմամբ, «Բ-2» մակնիշի երկու ռմբակոծիչ կմիանա այժմ տեղի ունեցող հարավկորեական-ամերիկյան զորավարծություններին։ Նշենք, որ «Բ-2»-ները կարող են փոխադրել ատոմային եւ ջրածնային ռումբեր։

Հեյգելն ասել է, թե Հյուսիսային Կորեայի ռազմաշունչ հռետորաբանությունը շիկացնում է իրավիճակը Կորեական թերակղզում։

«Մենք հստակ հայտարարում ենք, որ ամենայն լրջությամբ ենք վերաբերվում Հյուսիսի այդ սադրիչ գործողություններին եւ համարժեք պատասխան ենք տալու», - ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը։


Ռուսաստանը նույնպես դատապարտում է Հյուսիսային Կորեային

Իրավիճակը տարածաշրջանում բարդացել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան երրորդ միջուկային փորձարկումն է իրականացրել: Ի պատասխան դրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այդ երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել։

Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում իր ուկրաինացի պաշտոնակից Լեոնիդ Կոժարի հետ հրավիրած մամլո ասուլիսում ասել է, որ Դաշնությունն ակտիվորեն սատարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին եւ դատապարտում է լարվածությունն է'լ ավելի սրող Հյուսիսային Կորեայի միակողմանի գործողությունները։

Մարտի 27-ին Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե «պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի»։ Փհենյանը չեղյալ է հայտարարել 1953 թվականին կնքած հրադադարը։ Արեւմուտքի փորձագետների համոզմամբ, այդ երկիրն իրականում դեռ չունի այնպիսի հրթիռներ, որոնք կարող են ատոմային մարտագլխիկ հասցնել մինչեւ Միացյալ Նահանգներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG