Մատչելիության հղումներ

Ֆեդերիկո Մոնդելչին համերգով հանդես կգա Երեւանում


Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը (ձ) եւ իտալացի սաքսաֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին համատեղ մամուլի ասուլիսում:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը (ձ) եւ իտալացի սաքսաֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին համատեղ մամուլի ասուլիսում:

Իտալացի աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին մարտի 30-ին համերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ, եւ Մոնդելչին կկատարեն Ալեքսանդր Գլազունովի, Անտոնին Դվորժակի, Ջորջ Գերշվինի, Ասթոր Պիացոլլայի եւ մի շարք այլ` այդ թվում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Ուրախ եմ այս հրավերի համար», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Մոնդելչին: - «Հայերն ու իտալացիները շատ նմանություններ ունեն` անգամ երաժշտական առումով»:

Նա շեշտեց, որ նույն հաճույքով կատարում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ստեղծագործությունները` հույս հայտնելով, որ վաղվա համերգը տպավորիչ է լինելու գունեղ, ոճային բազմազանությամբ:

Ընթացիկ համերգաշրջանը հոբելյանական է 50 տարի առաջ հիմնադրված Հայաստանի պետական կամերային նվագախմբի համար:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպիսին է լինելու իր ձեռագիրը Զարեհ Սահակյանցի հիմնած, հետագայում բազմաթիվ անվանի երաժիշտների կողմից ղեկավարված նվագախմբի պատմության մեջ, Մարտիրոսյանն արձագանքեց. - «Ձեռագիրը միշտ մարդու գնալուց հետո է հասկացվում: Եղած ժամանակ ինքը պարզապես ազնվորեն աշխատում է նվագախմբի հետ… Թողեք մահանամ, հետո արդեն կիմանաք, թե ինչ ձեռագիր թողեցի»:

«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ նվագախումբը կարողանա հպարտորեն ելույթ ունենալ աշխարհի ամենամեծ նվագախմբերի կողքին: Ուրախանում եմ, որովհետեւ գնալով մենք դրան մոտենում ենք», - եզրափակեց նա:
XS
SM
MD
LG