Մատչելիության հղումներ

logo-print

Օմբուդսմենը ամփոփեց պետական մարմինների վերաբերյալ իր զեկույցը


Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, այսօր ամփոփելով պետական մարմինների գործունեությանը վերաբերող իր տարեկան զեկույցը, ասաց, որ երկու ամենահիմնական հարցերի վրա է շեշտը դրել։

«Մեր երկրում ամենամեծ երկու պրոբլեմը, խնդիրը, չարիքը՝ դա արդարադատության պակասն է եւ սոցիալ–տնտեսական վիճակն է», – նշեց Անդրեասյանը, – «Ամենախայտառակ արձագանքը դա դատական իշխանության արձագանքն էր, ասելով, որ օմբուդսմենը ասել է, որ արդարությունը պակասում է կամ կան ապօրինություններ դատական համակարգում։ Եվ դրա հետ այդպես վրդովվելն ու չհամաձայնելը, կարծում եմ, էլ ավելի է նվազեցնում վստահությունը ոչ թե օմբուդսմենի, այլ հենց նույն դատական համակարգի նկատմամբ։ Վատ արձագանքների շարքում պիտի հատուկ նաեւ ընդգծեմ Արդարադատության նախարարությանը»։

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրեն ուղղված քննադատությունը տարօրինակ էր որակել։ Կարեն Անդրեասյանը այս կապակցությամբ ասում է. – «Տարօրինակը այն չէ, որ օմբուդսմենն ասում է, որ հատվածական է իրենց աշխատանքը, որ վերցնում են 1 օլիգարխի կամ 1 ոլորտում մի փոքրիկ հաղթական քայլ են անում, հետո սպասում են, որ մեր հասարակությունը օրեր ու ամիսներ շարունակ ծափահարի իրենց այդ մեկ քայլի համար։ Տարօրինակը այն է, որ իրենք չեն պատկերացնում, թե ինչքան սարսափելի վիճակ է այսօր տնտեսական մրցակցության բլոկում»։

Պետական եկամուտների կոմիտեն մի կողմից ընդունել էր Մարդու իրավունքների պաշտպանի կողմից մատնանշված առկա հովանավորչության եւ ստվերի խնդիրները, մյուս կողմից՝ զեկույցի հետ չէր համաձայնել, ասում է Կարեն Անդրեասյանը. – «Ես կարող եմ հստակ նորից ասել. ով չգիտի, որ կան հարկայինում պաշտոնյաներ, որոնք իրենց ընտանիքի անդամների անվան տակ անում են բիզնեսներ, եւ ոչ միայն անում են բիզնեսներ, այլ դրանք օգտագործում են ի չարը, որպեսզի հասարակության մյուս անդամները, երբ որ զբաղվում են նույն բիզնեսով չունենալով այդ նույն հովանավորչությունը, հայտնվեն վատ վիճակում, սնանկանան եւ չկարողանան գոյատեւել։ Դա էլ բերում է փոքր եւ միջին բիզնեսի այս վիճակին»։

Իր գործունեության վերաբերյալ քննադատությունը մեծ մասամբ չի ընդունել նաեւ Երեւանի քաղաքապետարանը։ Այս կապակցությամբ Կարեն Անդրեասյանը ասում է. – «Լուրջ չէ նման արձագանքը պետական մարմինների։ Եթե իրենք կասկածում են, որ, օրինակ, գանձվել են գումարներ կադաստրային արժեքի անվան տակ այն դեպքում, երբ դա չպետք է լիներ, եթե իրենք կասկածում են, որ կա թափանցիկության եւ միատեսակ մոտեցման խնդիր կրպակների եւ ավտոտնակների ու մնացած գույքերի դեպքում, ես պատրաստ եմ անուն առ անուն կամ գործ առ գործ ներկայացնել»։

Իրենց գործունեության ոլորտում արձանագրված թերությունները ընդունել են եւ առավել կառուցողական վերաբերմունք են դրսեւորել զեկույցի նկատմամբ Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններն ու Ոստիկանությունը։

Այս տարի զեկույցը 22 պետական մարմինների գործունեության ոլորտում մոտ 150 թերացումներ է արձանագրել անցած տարվա 130-ի փոխարեն։ Իսկ այս տարվա դրական միտումները մոտ 80-ն են։ Կարեն Անդրեասյանը դրանցից մի քանիսը նշեց. - «Խոսքի ազատության ոլորտում մեծ առաջընթաց կա եւ դա կարծում եմ որեւէ մեկը այսօր չի կարող վիճարկել։ Վարչարարության մեջ շատ դրական զարգացումներ կան, եւ այսօր հատուկ կուզեի շեշտել՝ լավագույն կառույցը, որ այսօր ունենք Հայաստանում դա Կադաստրի պետական կոմիտեն է։ Կադաստրը բոլորին ապացուցեց, որ զարգացումները հնարավոր են»։
XS
SM
MD
LG