Մատչելիության հղումներ

Հայ եւ հույն լոբբիստները պահանջում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա


Սպիտակ տունը Վաշինգտոնում
Սպիտակ տունը Վաշինգտոնում

Lոբբիստների հայտարարության դրդապատճառը Սպիտակ տան վերջին նախաձեռնությունն է:

Վաշինգտոնում գործող հայկական եւ հունական լոբբիստական կառույցները դիմում են Միացյալ Նահանգների իշխանություններին՝ պահանջելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա Հայաստանի շրջափակմանը, ինչպես նաեւ Կիպոսի հյուսիսային հատվածի օկուպացիային վերջ տալու համար:

Համատեղ այս նամակը, որ ստորագրել են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ու Ամերիկայի Հունական ինստիտուտի նախագահ Նիկ Լարիգակիսը, ուղղված է Ամերիկայի առեւտրի գծով հատուկ ներկայացուցչի գրասենյակին:

Մոտ 200 աշխատակից ունեցող ամերիկյան այս գերատեսչությունը գործում է երկրի նախագահին կից եւ համակարգում է ԱՄՆ-ի արտաքին առեւտրային կապերը, ներառյալ այս կամ այն պետության հետ ազատ առեւտրի ռեժիմի սահմանումը:

Սա է թերեւս պատճառը, որ հայկական եւ հունական լոբբիստական կազմակերպությունների ղեկավարները հստակ երաշխիքներ են պահանջում Առեւտրի գծով հատուկ ներկայացուցչի պաշտոնակատար, դեսպան Դեմետրիոս Մարանտիսից` գրելով. - «Մենք ողջունում ենք այլ պետությունների, այդ թվում Թուրքիայի հետ երկկողմ, ինչպես նաեւ Եվրամիության համաձայնագրերի շրջանակներում առեւտրային կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառռւմների իրականացումը: Դրա հետ մեկտեղ, մենք պահանջում ենք, որ Հայաստանի տնտեսական շրջափակման վերացումն ու Կիպրոսի անօրինական ռազմական օկուպացիան այս բանակցությունների ընթացքում պաշտոնական նախապայման դառնան»:

Հայ եւ հույն լոբբիստների այս հայտարարության դրդապատճառը Սպիտակ տան վերջին նախաձեռնությունն էր, որը, նամակի հեղինակների կարծիքով, վտանգում է Միացյալ Նահանգների ազգային շահերն այս տարածաշրջանում:

«Մարտի 20-ին Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրեց Կոնգրեսին, որ պատրաստվում է բանակցել Եվրամիության հետ` «Տրանսատլանտյան առեւտրի եւ ներդումային գործակցության» համաձայնագրի շուրջ: Թուրքիան եւս ցանկություն է հայտնել մաս կազմել այդ համաձայնագրին` միաժամանակ ակնկալելով երկկողմ Ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ», - նշում են նամակի հեղինակները` հատուկ ընդգծելով, որ նման փաստաթղթի ի հայտ գալու դեպքում «կշահի մի պետություն, որը աղաղակող եւ կոպիտ կերպով խախտում է համաշխարհային տնտեսական համակարգի ամբողջականությունը, զավթել է Եվրամիության պետություններից մեկի տարածքն ու շարունակում է կողպած պահել Եվրամիության վերջին փակ սահմանը»:

Ուշագրավ է, որ լոբբիստների այս հայտարարության հրապարակումը համընկավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի վերջին կտրուկ հայտարարությունների հետ, որոնցում թուրքական դիվանագիտության ղեկավարը խոսել է Կիպրոսի խնդրի լուծման նոր տարբերակի` «Մեկ կղզի, երկու պետություն» բանաձեւի մասին:

«Վերջին 30 տարիների ընթացքում մենք առաջին անգամ ենք երկու պետությունների տարբերակը առաջ քաշում: Սխալ է դա ընկալել որպես սպառնալիք, դա դրական լծակ է», - նշել է Դավութօղլուն երեկ` Վրաստան ուղեւորվելու ճանապարհին, չթաքցնելով նաեւ, որ պաշտոնական Անկարայի դիրքորոշման նման փոփոխության պատճառը Կիպրոսի ափերի մոտ հայտնաբերված բնական գազի պաշարներն են, որոնք միանձնյա կերպով ցանկանում է տնօրինել կղզու հունական հատվածի կառավարությունը:

«Մեզ համար անընդունելի է, երբ ասում են` բնական այդ պաշարները միայն մի կողմին եւ վերջ», - նշել է Դավութօղլուն` հավելելով. - «Ամեն դեպքում, Կիպրոսի կառավարությունը ստիպված է լինելու համագործակցել մեզ հետ, քանի որ գազի արտահանման միակ խելամիտ ուղին տանում է դեպի Թուրքիա: Ավելին, Թուրքիան է տարածաշրջանի այն միակ պետությունը, որ էներգակիրների ակնհայտ «քաղց» է զգում»:

Անդրադառնալով Կիպրոսում առկա տնտեսական ճգնաժամին եւ մամուլում հայտնված տեղեկություններին, թե պաշտոնական Նիկոսիան կարող է ֆինանսական օգնություն ստանալ Ռուսաստանից` կղզում ռուսական ռազմական բազայի ստեղծման դիմաց, Դավութօղլուն ասել է. - «Նման հեռանկարը պարզապես ոմանց երազանքն է: Մենք Կիպրոսում երաշխավոր պետություն ենք հանդիսանում, սակայն այնտեղ ռազմակայան չունենք»: Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, շրջանցել է այն իրողությունը, որ Կիպրոսի հյուսիսային հատվածում 17-հազարանոց թուրքական զորախումբ է տեղակայված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG