Մատչելիության հղումներ

Հայաստանում չինարենի դպրոց կկառուցվի


Այսօր Հայաստանի ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը եւ Չինաստանի դեսպան Տյան Չանչունը, պետությունների ղեկավարների պայմանավորվածության համաձայն, ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:

Ըստ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տրամադրած տեղեկանքի` անցած տարվա դեկտեմբերի 28-ին ստորագրվել է Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 միլիոն չինական յուանի (շուրջ 11 միլիոն դոլար) անհատույց օգնության տրամադրում: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաեւ օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը սկսած 1999 թվականից Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն, իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության եւ տրանսպորտի բնագավառներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG