Մատչելիության հղումներ

Խուրշուդյանը ակնհայտ է համարում լուծումը` «եթե լինի ցանկություն»


«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ, մարտ, 2013թ.

«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ, մարտ, 2013թ.

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նոր նամակի անհրաժեշտություն «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չի տեսնում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա համոզմունք հայտնեց, որ գործընթացները դեպի փակուղի տանում է նախագահական նստավայրը:

«Ես կարծում եմ, եթե արհեստականորեն փակուղային վիճակ չստեղծվի նախագահական նստավայրից, որեւէ փակուղային վիճակ չկա», - այսպես պատասխանեց Խուրշուդյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կարելի՞ է արձանագրել, որ առայժմ փակուղային իրավիճակ է ստեղծվել` հաշվի առնելով, որ Հովհաննիսյանը պատրաստվում է Սարգսյանին հանդիպել միայն Ազատության հրապարակում կամ հարեւան սրճարանում, իսկ Սարգսյանն էլ, ըստ իր խոսնակի, պատրաստ է հանդիպել միայն նախագահի նստավայրում:

«Եթե լինի ցանկություն այս ճգնաժամը հաղթահարելու, ես կարծում եմ, որ ակնհայտ է լուծումը, եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը մնում է ուժի մեջ` հանդիպել եւ քննարկել Ազատության հրապարակում, որովհետեւ ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հացադուլի մեջ», - շարունակեց Խուրշուդյանը` եզրակացնելով. - «Այնպես որ, այս պարագայում եթե ցանկություն կա խոչընդոտել կամ ընդհանրապես ի դերեւ անել հնարավորությունը լուծման, հանգուցալուծման, միշտ պատճառ կարելի է գտնել»:

«Ժառանգության» խոսնակի կարծիքով` «նախագահականում իրենք պետք է որոշեն, թե ինչ ցանկություն ունեն` ցանկություն ունեն հաղթահարելո՞ւ այս ճգնաժամը, թե՞ ուղղակի պատճառ գտնելու, որպեսզի խորացնել եւ թողնել այս խնդիրը չլուծված»:

«Այսինքն, դուք կարծում եք, որ նախագահի նստավայրն է, ըստ էության, տանում դեպի փակուղի գործընթացները», - այս հարցին Հովսեփ Խուրշուդյանը արձագանքեց. - «Այո, վերջին հայտարարությունից [Հայաստանի նախագահի խոսնակ] Արմեն Արզումանյանի, իսկ ես կարծում եմ, որ իր շուրթերով խոսել է գործող նախագահը, այդպես է երեւում»:

«Ժառանգության» խոսնակի համոզմամբ` որեւէ քննադատության չի դիմանում Արզումանյանի ասածը, թե նախագահը հանդիպում է միայն նախագահի նստավայրում, ըստ համապատասխան արարողակարգի: «Որովհետեւ մենք բազմիցս ականատես ենք եղել, թե գործող նախագահը իր նախորդ, նախկին պաշտոնավարման տարիներին ինչպես է այլ վայրերում հանդիպել բազմաթիվ այլ մարդկանց հետ: Այնպես որ, դա հիմնավորում չէ, պարզապես պատրվակ է», - ընդգծեց Խուրշուդյանը` միաժամանակ դժվարանալով պատասխանել հարցին, թե, իր կարծիքով, Սարգսյանը պարզապես ցանկությո՞ւն չունի հանդիպելու Հովհաննիսյանին. - «Ես չգիտեմ, ես չգիտեմ, ամեն դեպքում, եթե ցանկություն կա, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը ուժի մեջ է»:

Հարցին էլ` «կարո՞ղ ենք ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում եւս մեկ նամակ ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին», «Ժառանգության» խոսնակը պատասխանեց. - «Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ հացադուլը ասել էր, որ պատրաստ է ցանկացած վայրում հանդիպել եւ քննարկել ճգնաժամից դուրս գալու ուղիները Սերժ Սարգսյանի հետ` մինչեւ հացադուլը: Բայց քանի որ որեւէ արձագանք չեղավ այդ առաջարկին, ամեն դեպքում, այժմ փոխվել է կարգավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանի, եւ նա գտնվում է հացադուլի մեջ, եւ այդ հացադուլը տեղի է ունենում Ազատության հրապարակում: Այդ կարգավիճակի փոփոխությունը հաշվի առնելով` ես կարծում եմ, որ լիովին հիմնավոր է, որ Սերժ Սարգսյանը ինքը այցելի Ազատության հրապարակ, ինչպես որ առաջարկել է պարոն Հովհաննիսյանը: Այլ տարբերակում պարոն Հովհաննիսյանը նշել է, որ եթե ինչ-ինչ խնդիրներից ելնելով Սերժ Սարգսյանը կդժվարանա այցելել Ազատության հրապարակ, այդ դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է ընդունել գրավոր ձեւով առաջարկները գործող նախագահի` այս ճգնաժամից դուրս գալու իր տեսլականի վերաբերյալ»:

Խուրշուդյանը ամփոփեց, թե ուղղակի չի տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Սերժ Սարգսյանին նոր նամակ հղելու անհրաժեշտությունը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG