Մատչելիության հղումներ

Մարտի 29-ի մամուլ


«Չորրորդ ինքիշխանության» մեկնաբանը հեգնում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանից մի շարք առանցքային պաշտոններ ուզելու փաստը հասարակությունն այնքան էլ լավ չընդունեց: Զարմանալի մարդիկ են, տեղեկանալով, որ Րաֆֆին պաշտոններ է ուզում, շատերը, չգիտես ինչու, մտածեցին, որ Րաֆֆիի ուզածը պաշտոններն են: Ավելին, գտնվեցին այնպիսի քաղաքականապես տհաս մարդիկ, ովքեր առանց հասկանալու սկսեցին չարախոսել, թե իբր երբ քաղաքական տարբեր կուսակցություններ նույն կառավարության մաս են կազմում, դա կոչվում է կոալիցիա, հետեւաբար` «Ժառանգություն»-ը ուզում է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել: Եվ երեւի դեռ երկար կշարունակվեին այս չարանենգ ցեխարձակումները, եթե Արմեն Մարտիրոսյանն ամենայն վճռականությամբ չհայտարարեր, որ իրենք ոչ թե կոալիցիայի են ձգտում, այլ ուզում են կիսել իշխանությունը: Այստեղ երկու տարբերակ կա. կա’մ «Ժառանգություն»-ում չեն հասկանում, որ իշխանությունը կիսել հնարավոր չէ, կա’մ լավ էլ հասկանում են, պարզապես փորձում են մոլորության մեջ գցել իրենց կողմնակիցներին: Իշխանության մեջ առանցքային պաշտոններ ստանձնել ու նորմալ աշխատել հնարավոր է միայն մի դեպքում, եթե պատրաստ ես կատարել Սերժ Սարգսյանի եւ վարչապետի հրահանգները: Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում ենք, հասկանում է սա: Իսկ եթե հասկանում է, նշանակում է` իրականում ուզում է կոալիցիայի կազմել ՀՀԿ-ի հետ, իսկ «իշխանությունը կիսելու» մասին խոսքերն ընդամենը հասարակությանը խաբելու համար են»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցնում է. - «Այսօր մամուլում արծարծվող հիմնական հարցերից մեկը հետեւյալն է. ինչո՞վ է պայմանավորված նախագահի «չափազանց» հանդուրժողական, համբերատար վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի, նրա պահանջների եւ «քմահաճույքների» հանդեպ, ինչը չկար Տեր-Պետրոսյանի պարագայում»։ Պատասխան. - «Համաձայն չեմ այդ հարցադրմանը։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո էլ իշխանության, այդ թվում՝ նախագահի գործելաոճը չի փոխվել, միշտ եղել է ավելի «փափուկ», դիմացինի կարծիքը լսելու, քննարկելու ձեւաչափի մեջ. սրան ենք հակված եւ այս ճանապարհով ենք փորձում լուծել խնդիրները։ Նույն վերաբերմունքը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում, եւ դրա լավագույն ապացույցը ՀԱԿ-ի հետ ծավալված երկխոսությունն է»։

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ակնհայտ է, որ այսօր պայքար է գնում ընդդիմադիր դաշտում իշխանության համար, եւ տվյալ դեպքում ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դաշինքի նշույլները բավական պարզ նկատվում են: Ավելին, ըստ էության պատահական էլ չէ երեւի, որ ի հայտ են գալիս նաեւ ՀՅԴ-ի ներսում առկա որոշակի խնդիրներ, ինչի մասին վկայում է ՀՅԴ-ի արձագանքը «Ժառանգության» այն առաջարկին, որ ցուցակը գլխավորեր ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը: ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում քանդվեց ՀԱԿ-ը, իսկ այսօր խմորումներ են ի հայտ գալիս ՀՅԴ-ում: ԲՀԿ-ին հաջողվում է կազմաքանդել իր դաշնակիցներին, ինչը, իհարկե, այս ուժի գյխավոր նպատակներից մեկն է, որովհետեւ այդպիսով նա կարող է մենաշնորհ հաստատել ընդդիմադիր դաշտում եւ այդ դիրքերից խոսել Սերժ Սարգսյանի հետ: Սրան զուգահեռ՝ բնական է, որ ԲՀԿ-ն պետք է կլանի իր դաշնակիցներին, որովհետեւ նրանցից իր ռեսուրսներով ուժեղ է մի քանի անգամ, գտնվում է քաշային անհամեմատ ավելի բարձր կատեգորիայում, եւ ինքնին անհնար է համագործակցություն առանց դիմացինին գետնին տապալելու»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանին հարցնում է. - «ԲՀԿ-ի շանսերը Երեւանի ավագանու ընտրություններում ինչպե՞ս եք գնահատում»: Պատասխան. - «Եթե որեւէ քաղաքական ուժ կասի, որ ինքն ընտրություններին մասնակցում է երկրորդ, երրորդ կամ վերջին տեղը գրավելու համար, ես լուրջ կասկածներ կունենամ տվյալ քաղաքական ուժի դատողության հետ կապված: Մեզ համար նշաձողը հաղթանակն է, եւ մենք գնում ենք հաղթելու: Ես ինքս բավականին պրագմատիկ քաղաքական գործիչ եմ եւ շատ իրատեսորեն եմ գնահատում մեր շանսերը: Ազատ, արդար ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն հաղթելու է այս ընտրություններում»:

«Իրավունք»-ի «Ուղիղ կապ»-ի հյուրն էր ՀՀ միգրացիայի պետական վարչության պետ Գագիկ Եգանյանը: Նա ասել է. - «Հայաստանից արտագթողների 70-75 տոկոսը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, որոնց գերակշիռ մասը նախընտրում է Ռուսաստանի Դաշնությունը: Այսինքն այդ 75 տոկոսի գրեթե 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ինչ վերաբերում է տրանսֆերներին, ապա դրանց ծավալը նույնիսկ հասել է 2 միլիոն դոլարի, որը կազմում է համախառն ներքին արդյունքի մոտ 20 տոկոսը: Բայց հարցի մյուս կողմն էլ կա. որպեսզի մեր էմիգրանտը կարողանա մեկ դոլար ուղարկել, նա պետք է 7 դոլարի ներդրում կատարի: Այսինքն, եթե ՌԴ-ում 1.5 միլիրադի տրանսֆերի հոսք է եղել, դա նշանակում է, որ հայ միգրանտն այդ երկրի տնտեսությանը ներդրել է 10 միլիարդ, եւ հայ միգրանտները միայն ՌԴ-ում ստեղծել եմ մեկ միլիոնից ավելի աշխատատեղ»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG