Մատչելիության հղումներ

ՀԲ-ն 35 միլիոնի վարկ է տրամադրում Հայաստանի առողջապահության ոլորտին


Հայաստանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ

Հայաստանյան հիվանդանոցներից մեկում, արխիվ

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է 35 միլիոն դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն, ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարության աշխատանքներին` ուղղված մոր եւ մանկան առողջության պահպանմանը եւ առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը եւ վարմանը, ինչպես նաեւ երկրի առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը:

Հիվանդությունների մասով ամենամեծ բեռը Հայաստանում, ինչպես եւ եվրոպական երկրների գերակշիռ մասում, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնք ներառում են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսին են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, հոգեբուժական խնդիրները, շաքարախտը, քրոնիկ շնչառական խնդիրները եւ հենաշարժիչ ու մկանային համակարգի խնդիրները: Ըստ վիճակագրական տեղեկությունների` գրանցված մահվան դեպքերի մոտ 50 տոկոսը սրտանոթային խնդիրների պատճառով է, իսկ 74 տոկոսի պատճառը մի շարք առողջական խնդիրների համադրությունն է` սրտանոթային խնդիրներ, նորագոյացություններ եւ շաքարախտ, ասված է հաղորդագրությունում:

Ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի ազգաբնակչությունն է, ընդգծում է Համաշխարհային բանկը:

Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է 45 միլիոն դոլար, որից Հայաստանի կառավարությունը հատկացնելու է 8.2 միլիոն դոլարը, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հավատարմագրային հիմնադրամը ներդնելու է 1.8 միլիոն դոլար` դրամաշնորհի տեսքով: Համաշխարհային բանկի 35 միլիոն դոլար վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1.25 տոկոս ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով եւ 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG