Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը ընդունել է Հայաստանի ԱԱԽ քարտուղարին


Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկի
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկի
Պաշտոնական այցով Վարշավայում գտնվող Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին երեկ ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Բաղդասարյանը նախ Կոմորովսկիին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ - լեհական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ կարեւորվել են դրա ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը: Լեհաստանի նախագահին են ներկայացվել երկու երկրների անվտանգության խորհուրդների կողմից համատեղ իրականացված` Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ կնքված միջազգային պայմանագրերի կատարման ընթացքի դիտարկման արդյունքները:

Բաղդասարյանը նշել է, որ իր գործընկերոջ հետ պայմանավորվել են ընդլայնել համագործակցության ոլորտներն ու շրջանակները:

Կոմորովսկին բարձր է գնահատել կատարված աշխատանքները եւ ողջունել համագործակցությունը խորացնելու կողմերի պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Սերժ Սարգսյանի` առաջիկայում Լեհաստան կատարվելիք այցին առնչվող հարցեր:

Նույն օրը Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի պետական քարտուղար Բոգուսլավ Վինիդի հետ, որի ժամանակ առանձնակի ուշադրություն է դարձվել Հայաստանի եվրաինտեգրման եւ Արեւելյան գործընկերության խորացման ճանապարհին լեհական կողմի հնարավոր օժանդակության, դրանց շրջանակներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին եւ հեռանկարներին:

Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել Եվրամիության արտաքին սահմանների օպերատիվ կառավարման գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Իլլկա Լայթինենի, Հայաստան - Լեհաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

Հանդիպումներ են կայացել նաեւ Լեհաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երկրի ընդերքի ֆիզիկայի եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում, Լեհ - հայկական առեւտրաարդյունաբերական պալատում, Լեհաստանի տեղեկատվության եւ արտաքին ներդրումների գործակալությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG