Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը քննադատում է Եվրամիությանը՝ ողորմելի եւ զավեշտալի որակելով Հայաստանին տրամադրված 1 միլիոն եվրոյի հավելյալ աջակցությունը։

«Մեկ միլիոն եվրոյի մասին խոսելը պարզապես ավելորդ է», - այսօր հանդիպելով լրագրողներիի հետ՝ հայտարարեց Բոստանջյանը։

Հիշեցնենք՝ Եվրամիությունը օրերս հայտարարեց, որ մեկ միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին` աջակցելու «շրջանակաձեւ միգրացիային եւ վերաինտեգրմանը»։ Բացի այդ, Եվրամիությունը 3 միլիոն եվրո է հատկացրել «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագրի համար, որի նպատակն է հզորացնել Հայաստանի կարողությունները միգրացիայի կառավարման ոլորտում: Ծրագիրն իրականացվելու է 2.5 տարվա ընթացքում: Թիրախային տարածաշրջաններն են Երեւանը, Արարատը, Արմավիրը, Սյունիքն ու Վայոց ձորը:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ սա միգրացիայի օրինականացմանն ուղղված ծրագիր է:

«Պարզ է, որ 1 միլիոնը էական, որակական ոչ մի խնդիր չի լուծելու եւ պարզ է, որ եվրոպացիները մեր տեղը մեր խնդիրը չեն լուծելու», - ասում է ԿԲ նախկին նախագահը։

Ըստ Բագրատ Ասատրյանի՝ հայաստանցիների մի զգալի հատված՝ 1 միլիոն մարդ, ձգտում է գնալ Եվրամիության անդամ երկրներ եւ իր ապագան այնտեղ է տեսնում:

«Լուրջ պրոբլեմի արտահայտությունը հետեւյալն է․ բացի նրանից, որ վերջին տարին սարսափելի մեծ չափերի հասավ միգրացիա էլ չէ՝ ուղղակի փախուստը բնակչության․․․ սա կարող ենք համեմատել՝ հրեաները որ Եգիպտոսից թողնում գնում էին անտանելի վատ պայմանների պատճառով։ Իսկապես մենք այդ մասշտաբներին ենք հասել», - կարծում է Ասատրյանը։

Իր հերթին՝ Վարդան Բոստանջյանը Եվրոպա մեկնելը չի խրախուսում. ասում է՝ ավելի լավ է գնացեք Ռուսաստան: Նրա կարծիքով՝ հայերն այնտեղ ավելի մեծ պոտենցիալ եւ հնարավորություններ ունեն:

«Բոլոր դեպքերում Եվրոպան մնում է Եվրոպա։ Որեւէ մեկը իրավունք չունի Եվրոպային բան ասելու, բայց ես չեմ ուզում գտնվել այնպիսի տիրույթում, որտեղ ասեն՝ տղամարդը տղամարդու հետ է ամուսնանում։ Հասկանո՞ւմ եք», - իր կարծիքը մանրամասնեց Բոստանջյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG