Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կմիանա միայն «իրական քայլերին»


«Ժառանգություն»-ը կմիանա միայն իրական, ճշմարիտ ու բովանդակային քայլերին, այսօր հայտարարեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք «Բարեւ, Երեւան» դաշինքը մասնակցելու է միասնական շտաբի աշխատանքներին, որը ձեւավորելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ):

Խորհրդարանական ընտրությունների օրինակով ընդդիմադիր ՀԱԿ-ը ոչ իշխանական ուժերին` Դաշնակցությանը, «Ժառանգության»-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ին առաջարկում է համատեղ ուժերով պայքարել ընտրակեղծիքների դեմ:

«Երբ կտեսնենք, որ կա ցանկությունը իրական պայքար տանել, այլ ոչ թե իրականացնել այն նույն գործընթացը, ինչը տեղի ունեցավ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ միասնական շտաբի շրջանակներում, այդ դեպքում հնարավոր է, բնականաբար: Բայց այն, ինչ տեղի է ունեցել 2012-ին եւ որի կրկնության նախադրյալները կարծեք թե այսօր իսկ տարածվում է, բնականաբար, մենք որեւէ մեկի իմիտացիոն գործընթացին, ծխածածկույթ տարածելու գործին, կեղծ ընդդիմադիր խաղալու գործին չենք նպաստելու», - հինգշաբթի Ազատության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսին հայտարարեց Մարտիրոսյանը, ով գլխավորում է «Բարեւ, Երեւան» դաշինքը:

Օրվա երկրորդ կեսին էլ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հերթական քաղաքացիական ֆորումն էր: Օրվա բանախոսներից «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ էլ` այսօր ընտրակեղծիքների դեմ միասնական պայքարի մասին խոսելուց առաջ քաղաքական ուժերը նախ պետք է գնահատական տան փետրվարի 18-ին կայացած ընտրություններին:

«Քաղաքական ուժը առնվազն պետք է ասի` ժողովրդի կողքին ենք, մենք համաձայն ենք ժողովրդի հետ, որովհետեւ ժողովուրդն ասում է` կեղծվել են ընտրությունները, չենք ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, այս պատճառով ենք ժողովրդի հետ: Բայց հենց այնպես ասել` ժողովրդի հետ ենք, ոչ հարթակում հայտնվել, ոչ էլ ասել ժողովրդի ասածը, թե ինչի համար է հավաքվել եւ ինչու է նախընտրում այս շարժմանը մաս կազմել եւ ինչու համախմբվում Րաֆֆի Հովհանիսյանի շուրջ… Եվ մյուս դեպքում էլ, երբ ասում են` ժողովրդի հետ ենք, բայց աջ ու ձախ ավելի թունդ հարվածներ հասցնել Րաֆֆի Հովհաննիսյանին», - ասաց Հակոբյանը:

Մինչ այդ «Ժառանգությունն» արդեն տեղեկություններ է ստանում ավագանու ընտրություններում խախտումների մասին. քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի խոսքով` երեւանցիներին ցուցակագրում են` ընտրակաշառքի խոստումներով: Արմեն Մարտիրոսյանը նույնիսկ ահազանգեր է ստացել, որ մարդկանց տներ են մտնում` ներկայանալով Րաֆֆի Հովհանիսյանի անունից:

«Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգության» անվան տակ մտնում են տները, իբր այս աջակցման արձանագրության թերթիկները լրացնելու, բայց նաեւ անձնագրային տվյալներ են ուզում: Բոլորովին այլ շահ հետապնդելով` մեր անվան տակ են փորձում մտնել տները, որովհետեւ շատ դռներ փակ են այլեւս իրեն համար», - ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ իր առաջարկներն ուժի մեջ են: 18-րդ օրը հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածուն սպասում է Սերժ Սարգսյանի գործնական քայլերին, թեեւ նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանն էլ իր հերթին երեկ տարածած հայտարարությունում ընդգծել էր, որ Սերժ Սարգսյանի առաջարկությունն է դեռ շարունակում է մնալ ուժի մեջ՝ չնայած «հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը»:

Արմեն Մարտիրոսյանն այսօր ընդգծում էր, որ հիմա գնդակը նախագահի դաշտում է, ու եթե Սերժ Սարգսյանն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները` առանցքային մի շարք պաշտոններ փոխանցելով ընդդիմությանը, միեւնույն է դա դեռ կոալիցիոն կառավարություն չի դառնալու, այլ իշխանության կիսում է մինչեւ նոր խորհրդարանական ընտրություններ:

«Այն կառույցները, որոնց վերաբերյալ մենք կադրային պահանջներ ենք դրել, անմիջականորեն կապվում են ընտրական գործընթացների հետ, եւ մեր պատասխանատվությունը բացառապես վերաբերվելու է սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացմանը», - ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը պատասխանեց նաեւ Սերժ Սարգսյանի խոսնակի այն դիտարկմանը, թե նախագահի հանդիպումները տեղի են ունենում նախագահական նստավայրում: Հանդիպման միակ վայրը Ազատության հրապարակն է, հակադարձեց «Ժառանգության» փոխնախագահը` պնդելով, թե փոխզիջման հարց այստեղ չկա:

«Մեր ամբողջական առաջարկները արդեն ներկայացրել ենք, այդ առաջարկները փոփոխման այլեւս ենթակա չեն, եթե որեւէ կետ փոփոխվի, համարժեք այլ առաջարկ պետք է արվի: Ինչ վերաբերում է վայրին, ես չեմ կարծում, որ ներհայաստանյան ճգնաժամը լուծելու համար ավելի լավ վայր կա, քան Ազատության հրապարակը: Սա վերջնագիր չէ եւ սա այնքան մեծ հրապարակ է, որ հանդիպման վայրերը այս հրապարակում բազմաթիվ են», - ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG