Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ»-ը անիմաստ է համարում Երեւանի ընտրություններին մասնակցելը


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար անդամ Ալեքսանդր Արզումանյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար անդամ Ալեքսանդր Արզումանյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը չի մասնակցի Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին: Այդ մասին հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, թե անիմաստ են համարում քաղաքական մի գործընթացը չավարտած մեկ այլ գործընթացի մեջ մտնելը՝ նկատի առնելով նախագահական վերջին ընտրություններն ու ետընտրական զարգացումները:

«Անիմաստ ենք համարել այն առումով, որ դեռ գործընթացը չավարտված` նոր գործընթաց է սկսում: Տարօրինակ է, որ բոլորը այդպիսի պատրաստակամություն հայտնեցին մասնակցության. այն ուժերը, որոնք սրանից երկու ամիս առաջ ասում էին, որ ոչ մի իմաստ չունի, հանկարծ բավականին իմաստալից տեսան այս պրոցեսը` դա մի քիչ զարմանալի էր», - ասաց Արզումանյանը:

Այդուհանդերձ, «Ազատ դեմոկրատներ»-ը բանակցություններ է վարել, Արզումանյանի ձևակերպմամբ՝ ընդդիմության ազատական դաշտում, փորձելով միասնական ճակատով հանդես գալ ավագանու առաջիկա ընտրություններում՝ չփոշիացնելու համար ընդդիմության հնարավորությունները: Այդ խորհրդակցությունների արդյունքում, սակայն, ի վերջո որոշում է կայացվել չմասնակցել:

«Ազատական դաշտում բանակցել ենք, եւ ավելի նախընտրելի էր մեզ համար Հրանտ Բագրատյանի հետ համատեղ... Ինչ-ինչ պատճառներով եղել են ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ: Այսինքն, երկար քննարկումների արդյունք է: Այսինքն, ես սա դիտարկում եմ որպես երկու ընտրությունների երրորդ փուլ` խորհրդարանական, նախագահական, եւ հիմա պետք է նույն տրամաբանությամբ մտնեինք երրորդ փուլ. ցավում եմ, որ դա չստացվեց», - հայտարարեց «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար անդամը:

Եվ ընդհանրապես, վերջին զարգացումները ընդդիմության համախմբման համար լավ եւ պատեհ առիթ էին` հաշվի առնելով, որ կա հստակ՝ ավարտին չհասցված գործընթաց, եւ այդ գործընթացը ունի հստակ լիդեր: Համախմբումը, սակայն, տեղի չունեցավ, ափսոսանքով արձանագրեց Ալեքսանդր Արզումանյանը:

Մեկնաբանելով վերջին օրերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ ընթացող նամակագրական բանավեճը` Արզումանյանը նշեց, թե կարեւորում է այն, որ կողմերը ընտրել են բանակցային ճանապարհը:

«Կարծում եմ, բոլորիս շահերից է բխում, որ այդ երկխոսությունը բերի հանգուցալուծման, եւ ապրիլի 9-ին տեղի չունենա հասարակության պառակտում», - նշեց նա:

Արզումանյանը չհամաձայնեց այն դիտարկմանը, թե «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հարաբերությունները այլեւս խզված են: Հիշեցնենք, «Ազատ դեմոկրատներ»-ի երկու ներկայացուցիչները` կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավոր դարձան հենց ներգրավված լինելով «Ժառանգության» համամասնական ցուցակում:

««Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների հարաբերությունները խզված չեն, երկու անձերի միջեւ կա խնդիր, որի պատճառով որոշվեց չշարունակել…», - ասաց Արզումանյանը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով նախկին արտգործնախարարը մեկնաբանեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս արած այն հայտարարությունը, թե Հայաստանի նկատմամբ Մոսկվայի կողմից որեւէ ճնշում չկա` Հայաստանը Եվրասիական միության մեջ ներգրավելու համար, եւ որ անգամ հարց է, թե արդյոք այդ միությունում ցանկանում են Հայաստանի անդամակցությունը:

«Ըստ գործող նախագահի` ճնշում չկա բացահայտ: Կարծում եմ` գուցե դա համապատասխանի իրականությանը այն առումով, որ Ռուսաստանը այսօր այնքան խնդիրներ ունի թե ներքին, եւ թե Ուկրաինայի, Մոլդովայի հետ կապված, որ Հայաստանը առաջնայնություն չի ներկայացնում կոնկրետ Մաքսային միությանը անդամակցելու առումով: Բայց շատ ողջունելի էր այն, որ ավարտական փուլի հասցվեց Ասոցացման պայմանագիրը, դրա ստորագրումը այլեւս անկասելի է եւ կարծում եմ` բոլորն էլ գիտակցում են, որ այն ստորագրելուց հետո դժվար թե հնարավոր լինի քննարկել իսկ Մաքսային միությանը անդամակցելը, ինչը չի բացառում Ռուսաստանի հետ շարունակել խորացված, բարեկամական, ռազմատնտեսական, քաղաքական հարաբերությունները», - ասաց Արզումանյանը:
XS
SM
MD
LG