Մատչելիության հղումներ

logo-print

«Փարաջանով» ֆիլմի ռեժիսորը հույս ունի այն ցուցադրել Կաննում


Սերգեյ Փարաջանով

Սերգեյ Փարաջանով

Ֆրանսիայի, Ուկրաինայի, Հայաստանի եւ Վրաստանի համատեղ արտադրության «Փարաջանով» ֆիլմը, որում Սերգեյ Փարաջանովին մարմնավորում է ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը, ներկայացվել է Կաննի կինոփառատոնի երեք ծրագրերում ընդգրկվելու համար:

Կկայանա արդյոք ֆիլմի պրեմիերան փառատոնի որեւէ ծրագրում` հայտնի կդառնա ապրիլի վերջին, երբ հեղինակավոր փառատոնի կազմակերպիչները մամուլի ասուլիսում կհայտարարեն այս տարվա ընտրված ֆիլմերը: Ինքը՝ ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան լիահույս է, որ Կաննում իրենց կընդունեն:

Ռեժիսորի փոխանցմամբ` ֆիլմը ներկայացրել են փառատոնի հիմնական ծրագրում, ինչպես նաեւ երկու զուգահեռ` Քննադատների շաբաթ եւ հատուկ Ռեժիսորական ծրագրերում մասնակցության համար, եւ որեւէ ծրագրում մասնակցությունն իրենց համար հաղթանակ է:

«Փարաջանով» ֆիլմի գաղափարը Ֆետիսովան առաջին անգամ ներկայացրել է 2009 թվականին Երեւանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, եւ ահա ֆիլմի աշխատանքները ավարտվել են` սցենարի 9 տարբերակ փոխելուց հետո: Նկարահանման վերջին աշխատանքները անցյալ ամառ էին, դրանից հետո՝ մոնտաժ եւ ձայնադրում, այժմ ամենավերջին շտկումներն են անցկացվում:

Ելենա Ֆետիսովան ասում է՝ չնայած ժապավենը հիմնված է Փարաջանովի կյանքի վերջին 20 տարիների պատմության վրա, այն գեղարվեստական ֆիլմ է:

«Շատ կարեւոր է հասկանալ, որ ֆիլմը կենսագրական չէ, այլ արվեստագետի երեւակայության արդյունքն է` մի մարդու մասին, ով նույնպես ապրում էր երեւակայության աշխարհում: Ֆիլմը ինքնաարտահայտվելու ազատության մասին է, այն պատմում է տոտալիտար ռեժիմի պայմաններում արվեստագետի կյանքի մասին, իր ազատության համար նրա պայքարի մասին, չհարմարվող բնույթի մասին», - նշում է ռեժիսորը:

Ֆետիսովան փառատոնային ցուցադրությունները ֆիլմի համար շատ կարեւոր է համարում եւ հույս ունի, որ այն մարդիկ, ովքեր չեն ճանաչում Փարաջանովին, հաղորդակից կլինեն նրա աշխարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG