Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան. «Պետք չէ անլրջացնել էս ամենը»


Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ

Հայաստանի նախագահի խոսնակի հայտարարությունը նշանակում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակ չի գա: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Չորեքշաբթի օրը նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանել էր երկու շաբաթից ավելի Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված վերջին նամակին, նշելով, որ նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի, եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում:

Արզումանյանը նաեւ նշել էր, որ նախագահի` ավելի վաղ արված առաջարկությունը մնում է ուժի մեջ. շաբաթասկզբին հրապարակած իր նամակում Սարգսյանը Հովհաննիսյանին հորդորել էր դադարեցնել հացադուլը եւ «միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսել աշխատել»:

«Ես կարծում եմ, որ ամեն ինչ էական է, եւ, իհարկե, պետք չի անլուրջ վերաբերվել եւ անլրջացնել էս ամենը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննես Սահակյանը` շարունակելով. - «Ինչ առումով` որովհետեւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատկերացնում է էն խնդիրները, որոնց մասին խոսում է, մեր պատկերմամբ` դրանք բավականին լուրջ խնդիրներ են, որոնք մեկ-երկու ժամվա, օրվա, եւ ծնկի վրա գրած` բառի բուն իմաստով, առանց փոխաբերական, պայմանագրի տեքստը եւ ստորագրած, ուղարկելը եւ ծնկի վրա որոշում կայացնելը ես չեմ կարծում, որ խնդիր կլուծի: Սա ընդամենը էպիզոդիկ, Րաֆֆի Հովհաննիսյանի համար որոշակի խնդիր կարող է լուծել, ասել, որ «այ, տեսեք, երկրի նախագահը եկավ այցելեց ինձ, տեսավ», եւ այլն, եւ այլն»:

Հանրապետականի ներկայացուցիչը կարեւորում է հանդիպման ձեւաչափը, վայրն ու մթնոլորտը, նշելով, որ Ազատության հրապարակ գալով` Սարգսյանը կարող է միայն հետաքրքրվել Հովհաննիսյանի վիճակով, իսկ լրջագույն քննարկումներ կազմակերպելու եւ լրջագույն ակնկալիքներ ստանալու համար Ազատության հրապարակում նստել զրուցելը որեւէ արդյունք չի տա:

Հովհաննիսյանը պետք է հարգի նախագահի ինստիտուտը, ընդգծեց Հովհաննես Սահակյանը` նշելով, թե ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ. - «Ժամանակն է, որ իրատես եւ սթափ գնահատենք, եւ մի փոքր էն որ արդեն էդ խնդրելուց, էդ ասելուց, մի փոքր, էսպես ասենք, չթանկացնենք մեզ, էլի... Ավելի լավ է առարկայական մոտենանք, ավելի լավ է առարկայական քննարկում` ճիշտ պայմաններում եւ տեղում, քան թե, ասենք, ինչ-որ, «եկեք Ազատության հրապարակ, նոր»: Դուրս է գալիս տղայական մոտեցում` «չէ, իմ ասածն է լինելու, չէ, պրինցիպի», հա՞»:
XS
SM
MD
LG