Մատչելիության հղումներ

Մարտի 28-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Մոտ 40 օր է անցել նախագահական ընտրություններից, եւ միանգամայն բնական է, որ մարդկային էմոցիաները ոչ մի կերպ չեն հանդարտվում, եւ հասարակությունը շարունակում է քննարկել ու վերլուծել կատարվածը: Սակայն բնական չէ, երբ ընդդիմությունը նորից ու նորից վերադառնում է քվեարկության մանրամասներին եւ խոսում քվեատուփերը բացելու մասին, ինչպես արել է երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախ, դեռ ընտրության հաջորդ օրերին արդեն պարզ էր, որ քվեատուփերում ոչինչ չկա: Չկա այն իմաստով, որ մինչեւ քվեատուփերը փակելն է ամեն բան արվել: Իսկ եթե անգամ չեն հասցրել անել, ապա դա արել են քվեատուփերը փակելու գիշերը: Այնպես որ, ընտրությունից 40 օր անց քվեատուփերը բացելու պահանջը տվյալ դեպքում կարող էր առաջ քաշել իշխանությունը, որ ապացուցեր իր անմեղությունը, այլ ոչ թե ընդդիմությունը: Նման պահանջն առավել եւս անիմաստ է, եթե հաշվի առնենք, որ արդեն իսկ հրապարակվել է Սահմանադրական դատարանի որոշումը»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանն ակնհայտորեն դժգոհ է Րաֆֆի Հովհաննիսյանի «խաղից», եւ բոլոր հիմքերն ունի դրա համար: Նրա կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը լավ չի պատկերացնում իր դերը եւ ինքնագլուխ քայլեր է անում` դուրս գալով սցենարի շրջանակներից: Իսկ ո՞րն է Սերժ Սարգսյանի սցենարը: Հրապարակավ նա հայտարարում է, թե չի կարող թույլ տալ, որ հասարակությունը պատանդ դառնա օլիգարխների ձեռքին (հիշեք Աշտարակի ելույթը), կողքից կարծիքներ են հնչում, թե իբր նա ցանկանում է երկիրը փրկել օլիգարխներից, բայց կաշկանդված է (Վագեն Մանուկյանն ասում է` Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը կապված են) եւ այլն, իսկ իրականում նա ընդամենը ձգտում է դառնալ Հայաստանի միակ օլիգարխը եւ այդպիսով լիակատար վերահսկողություն սահմանել ոչ միայն քաղաքական, այլեւ տնտեսական դաշտի վրա: Ընդ որում` այս գործում Րաֆֆի Հովհաննիսյանին շատ լուրջ դերակատարում է վերապահված. նա պիտի դառնա «ընդդիմության առաջնորդը» եւ ժողովրդի անունից պահանջի, որ Սերժ Սարգսյանն ազատվի օլիգարխներից եւ իշխանության մեջ սեփական հզոր թիմեր ստեղծած պաշտոնյաներից»:

«Ժողովուրդ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երբ ընտրություններին հաջորդող օրերին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին հայտնվեցին ՀՅԴ-ի ներկայացուցիչները, մի պահ թվաց, թե դա կարող է տանել դեպի ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա` իր մեջ ներառելով նաեւ մնացած ոչ իշխանական ուժերին: Առավել եւս, որ հիմնական գործը Րաֆֆին կարծես թե արել էր, եւ նրա կողքին կանգնող քաղաքական ուժերը, կարելի է ասել, գալիս էին պատրաստի քաղաքական կապիտալից իրենց բաժինը վերցնելու: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, այդ կոնսոլիդացիան ոչ միայն չկայացավ, այլեւ արդյունքում ընդդիմադիր ուժերի միջեւ խզում առաջացավ, որը կարծես թե խորանալու միտումներ է դրսեւորում: Փորձաքարը, անշուշտ, Երեւանի ավագանու ընտրություններն էին, որոնց միասնական ճակատով մասնակցելու բանակցություններն ավարտվեցին ինչպես միշտ` փոխադարձ մեղադրանքներով»:

«Առավոտ»-ում կարդում ենք. - «Ընդհանրապես քաղաքական բանավեճում, կարծես, պետք է որ պարզ ճշմարտության պես մի բան լինի, որ բանակցությունները՝ իշխանությանը պահանջներ ներկայացնելու կամ իշխանությանը զիջումների դրդելու պրոցեսը կարող է տեղի ունենալ իշխանության եւ ընդդիմության միջեւ, այլ ոչ թե՝ ընդդիմության եւ մեկ այլ ընդդիմության կամ «այլընտրանքի» միջեւ: Ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել, տարբեր միասնական շտաբներից ղեկավարվել, դաշիքներ կազմել, ընտրություններից առաջ միասնական ճակատներ ձեւավորել: Այլ հարց է, թե այդ համագործակցություների հիմքում, նրանք որքան են անկեղծ ժողովրդի առջեւ: Բայց երբ Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրում են «ծախվելու» մեջ՝ Ս․Սարգսյանի հետ երկխոսելու գնալու պատրաստակամության համար, եւ դրան ի պատասխան հարց են ուղղում, ինչու՞ էիք քննադատում Լեւոն Տեր-Պետրոսյանի «քաղաքագիտական վերլուծությունը», իսկ հիմա լռում կամ ընդունելի են համարում Սարգսյան-Հովհաննիսյան երկխոսությունը, ապա այս դեպքում մնում է ընդամենը մեկ հարց տալ՝ ի՞նչ է, ԲՀԿ-ն ՀԱԿ-ի վերնախավի համար բարձրագույն իշխանությո՞ւն է, այլ ոչ թե՝ «այլընտրա՞նք» իշխանությանը»:

«Ժողովուրդ» թերթի թղթակիցը Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Հրայր Կարապետյանին հարցնում է. - «Վերջերս Ազատության հրապարակում հայտարարեցին, թե ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերը կմիջամտեն Հայաստանի ներքաղաքական կյանքին»: Պատասխան. - «Տարիներ շարունակ ես, որպես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, աշխատել եմ ՀԱՊԿ-ի համապատասխան հանձնաժողովում, ինչպես նաեւ ԱՊՀ վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահելու ժամանակ ամրագրվեց նրա կազմում Արագ արձագանքման ուժերի ստեղծումը, որի համաձայն այդ ուժերը կարող են աջակցել ՀԱՊԿ անդամ երկրներին` եթե նրանց եւ նրանց ինքնիշխանությանը արտաքին վտանգ է սպառնում: Սա ուղղակիորեն բխում է մեր երկրի` ներառյալ Արցախը, ազգային անվտանգության շահերից, եւ պատահական չէ, որ այս ուժերի ստեղծումից հետո Ադրբեջանը մեծ վայնասուն բարձրացրեց: Թե ում է ձեռնտու վարկաբեկել այս ամենը, հետեւությունները թողնում եմ ձեզ»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG