Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ազատագրման թեման Բրիտանիայի խորհրդարանում


Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը Լոնդոնում
Լոնդոնում` Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, տեղի է ունեցել «Ղարաբաղյան ազատագրման շարժման 25-ամյակ. պայքար անկախության եւ արդարության համար» թեմայով քննարկում, որը կազմակերպել են հայ - բրիտանական խորհդարանական բարեկամության խումբը եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը։

«Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ` քննարկումները նախագահել է բրիտանական խորհրդարանի մամուլի, սպորտի եւ մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ, հայ - բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլը։

Հայկական կողմից լոնդոնյան քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅ Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Լեռնային Ղարաբաղի արտաքին գործոց փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների հաստատության տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։

Հավաքի ընթացքում բանախոսներն անդրադարձել են Ղարաբաղյան շարժման 25-ամյակին, Սումգայիթի ջարդերին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին։

Միջոցառմանը մասնակցել են հայ - բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Լորդերի պալատի եւ Համայնքների պալատի անդամներ, Լոնդոնում հավատարմագրված օտարերկրացի դիվանագետներ, Մեծ Բրիտանիայում հայ համայնքի ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, պատմաբաններ եւ ուսանողներ։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար, նախարարության դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Ֆրեյզերը մարտի 11-ին Երեւանում ասել է, որ Լոնդոնը աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդության շրջանակներում։ Նա մամլո ասուլիսում նշել է, որ անհրաժեշտ է կարգավորումը շարունակել հենց այդ ձեւաչափով։

Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ Մեծ Բրիտանիան բավական սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ։ Երկու երկրները լուրջ կապեր եւ համագործակցություն են հաստատել հատկապես էներգակիրների արդյունահանման եւ փոխադրման ասպարեզում։

Հետեւաբար, ըստ վերլուծաբանների, Հայաստանի քաղաքական շրջանակների համար շատ կարեւոր է կապեր հաստատել բրիտանացիների հետ եւ այդ երկրին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումներն ու մոտեցումները թե՛ Ղարաբաղի հակամարտության եւ թե՛ տարածաշրջանային ու միջազգային կարեւոր այլ հարցերի վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG