Մատչելիության հղումներ

Օտարերկրյա դեսպաններն աջակցում են «Սիվիլիթասին»


Արխիվ -- Բողոքի ակցիա ի պաշտպանություն «Սիվիլիթաս» հիմնադրամի, Երեւան, 19-ը հոկտեմբերի, 2012թ.

Արխիվ -- Բողոքի ակցիա ի պաշտպանություն «Սիվիլիթաս» հիմնադրամի, Երեւան, 19-ը հոկտեմբերի, 2012թ.

«Սիվիլիթաս» հիմնադրամն այսօր Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների մասնակցությամբ ասուլիս էր հրավիրել՝ ուշադրություն հրավիրելով հիմնադրամի դեմ արդեն ամիսներ շարունակվող քրեական գործի վրա, որը, հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի պնդմամբ, «քաղաքական հետապնդում է»։

«Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանն առնչվող փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով անցած տարվա մայիսին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործի հարուցումից անցել է 10 ամիս:

«Վերջին ամիսներին մենք ավելի լուռ ենք մնացել, ակնկալելով, որ քննությունները արդեն հասնեն այն ավարտին, որը մեզ թվում է իր բնական ավարտը պիտի լիներ, այսինքն՝ այս բոլորը պիտի ավարտվեր, վերջ պիտի դրվեր։ Ոչ միայն այդ չկատարվեց, այլ ընդհակառակը՝ հարցաքննությունները խորացել են, այս վերջին ամիսներին հարցաքննվել են մեր աշխատակիցներից մի շարք, ինձ կանչել են մի քանի անգամ», – պատմեց Սալբի Ղազարյանը։

Փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքով, «Սիվիլիթաս» հիմնադրամը տուժում է նախաքննության մարմնի` ԱԱԾ-ի գործողություններից: Փաստաբանը կարծիք հայտնեց, որ նախաքննությունն ավելի շատ նպատակ ունի «քողարկված» միջամտել «Սիվիլիթաս» հիմնադրամի մաս կազմող «Սիվիլնեթ» եւ այլ զանգվածային լրատվամիջոցների արտահայտվելու ազատությանը։

Ի պաշտպանություն հիմնադրամի ասուլիսին մասնակցող դեսպաններից՝ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը հիշեցրեց, որ ԱՄՆ դեսպանատունը մի շարք ծրագրեր է իրականացնում «Սիվիլիթասի» հետ, եւ հավելեց. – «Մենք կարծում ենք, որ «Սիվիլթասն» ու «Սիվիլնեթը» ծայրահեղ կարեւոր են երկրի ժողովրդավարության համար, այդ պատճառով մենք՝ դեսպաններս, աշխատում ենք նրանց հետ: Մեզ մոտ հարցեր չեն առաջանում, թե ինչպես են ծախսվել այդ փողերը ծրագրի շրջանակում: Մենք հավատում ենք, որ ոչ մի զոհ այստեղ չկա: Եվ մենք հավատում ենք, որ հետաքննության կարիք չկա»:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն ասաց, որ համաձայն է ԱՄՆ-ի դեսպանի ասածների հետ. – «Մենք շատ ուրախ ենք, որ «Սիվիլաթասի» նման հասարակական կազմակերպություն կա այս երկրում: Այն շատ լավ գործ է անում: Այս աշխատանքը շատ կարեւոր է, եւ այդ պատճառով ենք մենք ֆինանսավորում այն։ Ոչ մի վնաս չկա օրենքներին համապատասխան գործող այս կազմակերպությանը ֆինանսավորելու մեջ։ Հաշիվները, թղթաբանությունը ստուգել ենք, ամեն ինչ նորմալ է, ոչ մի սխալ բան չենք տեսել այստեղ: Ինչ-որ մեկին մեղադրելու համար պետք է հիմքեր ունենալ, մինչեւ օրս չեմ լսել որոնք են իրական հիմքերը։ Այլ հարց է, որ այս գործով Հայաստանը կարող է փչացնել իր դրական իմիջը, պատկերը, որը փորձում է կառուցել՝ օրինակ ԵՄ-ի ասոցիացման պայմանգիր կնքելով»։

«Սիվիլիթասի» հետ իրենց համագործակցության եւ համատեղ աշխատանքի վերաբերյալ գոհունակություն հայտնեցին նաեւ Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին եւ Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը։
XS
SM
MD
LG