Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն 48 ժամ է տրամադրել «Առաքելությանը»` փաստաթղթերը լրացնելու համար


«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյան

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար Հրաչյա Սարգսյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) 48 ժամ տրամադրեց «Առաքելություն» կուսակցությանը` գրանցման համար պահանջվող փաստաթղթերը լրացնելու համար:

Նորաստեղծ այս կուսակցությունը մայիսի 5-ի կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել՝ փաստաթղթերին չկցելով ընտրագրավի վճարման անդորրագիրը: Պահանջվող 3 միլիոն դրամ ընտրագրավը կուսակցությունը դեռեւս չի վճարել:

Այն վճարելու ու անդորրագիրը ԿԸՀ ներկայացնելու ժամկետ սահմանվեց մինչեւ մարտի 29-ը ժամը 14-ը:

Նիստին ներկա էր կուսակցության քաղխորհրդի քարտուղար, կուսակցության համամասնական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Հրաչյա Սարգսյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե անդորրագիրը չներկայացնելու պատճառը տեխնիկական է:

Արդարադատության նախարարությունն այս կուսակցությանը գրանցել է մարտի 3-ին: Սարգսյանը հերքում է այն լուրերը, թե իրենց թիկունքում իշխող Հանրապետական կուսակցությունն է կանգնած: «Առաքելությունն» իրեն համարում է ընդդիմադիր ուժ՝ հայտարարելով, որ երեւանցիների քվեն ստանալու մեծ հնարավորություններ ունի:

«Ես կարծում եմ, որ բավականին մեծ շանսեր ունենք: Դա կախված է մեր ծրագրից, մեր ծրագիրը բավականին մրցունակ է լինելու` մյուս ուժերի [ծրագրերի] հետ համեմատած», - հայտարարեց Սարգսյանը:

Զերծ մնալով մայրաքաղաքի իշխանությունների աշխատանքը գնահատելուց` Սարգսյանն ասում է, թե քաղաքական հայտնի ուժերի հետ մրցակցելու են իրենց ծրագրով, որը նորովի մոտեցումներ կառաջարկի Երեւանի խնդիրների լուծմանը:

«Քաղաքական ճանապարհ անցած կուսակցություններ կան, որոնց հետ մենք մրցելու ենք, մրցելու ենք մեր ծրագրերով, առաջարկելու ենք նոր լուծումներ եւ կարծում ենք, որ մեր ծրագիրը, որը կհրապարակենք քարոզարշավի մեկնարկին, մրցունակ է», - ասաց Սարգսյանը:

Իրեն ընդդիմություն համարող նորաստեղծ կուսակցության քաղխորհրդի քարտուղարն ասում է, թե կհամագործակցեն այլ ընդդիմադիր ուժերի հետ մի պայմանով. - «Եթե բոլորս ընդունելու ենք, որ ընտրությունները կեղծված են եղել կամ որոշ թերություններ կային, ընտրություններից հետո բոլորս միասին պայքարելու ենք, այդ դեպքում մենք պատրաստ կլինենք համագործակցության: Իսկ եթե որոշ մանդատներ ունեցան ու այդ մանդատները վերցրեցին ու ասացին, որ կեղծված է ընտրությունները, իմաստ կորում է», - ասաց նա:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել յոթ քաղաքական ուժեր՝ վեց կուսակցություն, մեկ դաշինք:
XS
SM
MD
LG