Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանին Րաֆֆի Հովհաննիսյանի ուղարկած երեկվա նամակի կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը:

Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Արզումանյանն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է, որ Հովհաննիսյանին` նախագահի մարտի 25-ին արված առաջարկությունը դեռ շարունակում է մնալ ուժի մեջ, «չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրա արդիականությունը»: Արզումանյանը նաեւ ընդգծել է, որ «նախագահի հանդիպումները կազմակերպվում են վաղօրոք պլանավորված արարողակարգով, կանխավ ամրագրված ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, մարտի 25-ին պատասխանելով արտահերթ նախագահական կամ համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ հրավիրելու, մինչ այդ առնվազն 8 պաշտոններ զիջելու, ընտրակեղծարար մարզպետներին պաշտոնանկ անելու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին, պատրաստակամություն էր հայտնել երկխոսել` հորդորելով Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, «մեկ-երկու օր կազդուրվել» եւ միասին «լուրջ, առանց շոուների» աշխատել: Դրան ի պատասխան «Ժառանգության» առաջնորդը երեկվա նամակում նախագահին առաջարկել էր հանդիպել «ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում»:

Հովհաննիսյանը այսօր ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում,այնպես էլ այնուհետեւ Ազատության հրապարակի հարթակից հայտարարեց, որ ինքը միայն նախագահին եւ կաթողիկոսին է պատասխանում` միաժամանակ «խեղաթյուրված» որակելով նախագահի խոսնակի որոշ շեշտադրումներ եւ նշելով, որ իրենց առաջարկը մնում է ուժի մեջ:

«Դուք գիտեք, որ ես չեմ մեկնաբանում որեւէ մեկի խոսքը, բացի պարոն Սարգսյանի եւ Վեհափառ Հայրապետի: Հովսեփ Խուրշուդյանը եթե հարմար նկատի, այսօրվա խոսնակի հայտարարության մեկնաբանությունը կտա: Կարող է եւ հարմար չնկատի, որովհետեւ հերթական խեղաթյուրումն է, եւ ցավում ենք դրա համար: Բոլոր դեպքերում մեր մոտեցումը շատ հստակ է, երկրի փրկությանն ուղղված է եւ ոչ երբեք վերջնագիր: Թող ոչ մեկը իմ խոսքը չխեղաթյուրի իր մանր շահի համար: Մեր առաջարկը եւս մնում է ուժի մեջ», - ասաց Հովհաննիսյանը:

Իր առաջարկների վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մանրամասն խոսեց կեսօրին Ազատության հրապարակում հրավիրած բացօթյա ասուլիսում: «Ժառանգության» առաջնորդը նախագահի ինքնաբացարկի, կամ արտահերթ համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու, ընտրակեղծարար պաշտոնյաներին պատժելու եւ պաշտոններ զիջելու առաջարկները համարում է նվազագույն շեմը, ինչի շուրջ կարող է երկխոսել Սերժ Սարգսյանի հետ: Նա ասաց` եթե գործող նախագահը որոշի ինչ-որ կետ հանել, ապա համարժեք կետ պետք է ավելացվի: Հովհաննիսյանը վերահաստատեց մինչեւ «այս հանգրվանի ավարտը» Ազատության հրապարակից դուրս չգալու իր որոշումը` Ազատության հրապարակը շարունակելով համարել Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վայրը:

«Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք ժողովրդի փետրվարի 18-ի աննախադեպ հաղթանակը արձանագրել տալ: Մի բան կարող եմ ասել` այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկեցի պարոն Սարգսյանին, անբաժանելի է: Այնպես, որ եթե երբեւէ պարոն Սարգսյանը ուզենա դեմ առ դեմ հանդիպել, պետք է նկատի առնվի, որ ինչ ուղարկվեց, դա մեր նվազագույն շեմն է: Դա չի նշանակում, որ ինքը չի կարող առաջարկել ինչ-որ մի կետ հանել, բայց եթե մի կետ հանեց, պետք է համարժեք կետը ավելացնի», - հայտարարեց Հովհաննիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կետեր կարող են լինել իրենց առաջարկներին համարժեք, ընդդիմադիր առաջնորդը պատասխանեց. - «Սա առայժմ տեսական հարթության վրա է, սպասենք, որ սա եթե արժանանա պարոն Սարգսյանի համաձայնությանը, կամ եթե ինքը շտկման առաջարկ անի, այն ժամանակ ես դա կներկայացնեմ: Շատ ու շատ ոլորտներ կան, որ ես կարող էի ավելացնել այդտեղ, նույն մարզպետները 10-ը կարող էի ասել, ամբողջ կառավարություն, վարչապետ կարող է ասել, բայց չասացի, հասկացա, որ սա պիտի լինի բանական: Դրա համար ասում եմ, սա բանական է, սա ծրագրավորված է, շրջահայաց է եւ նվազագույն շեմն է: Այդտեղ կա ժողովրդի եւ իշխանության միջեւ պատասխանատվության կիսում: Թե պարոն Սարգսյանը կկարողանա հաղթահարել սեփական շրջապատը եւ գնա այդ կես ճանապարհը ժողովրդի հետ, արդեն ժամանակը ցույց կտա»:

Ի պատասխան հացադուլից դուրս գալու, «մեկ-երկու օր կազդուրվելու» եւ հետո քննարկում սկսելու` Սերժ Սարգսյանի հորդորին, Հովհաննիսյանն ասաց, որ ինքը կորոշի, թե երբ դադարեցնի հացադուլը. - «Այնպես որ այլեւս ուրախ կլինեմ, եթե պարոն Սարգսյանը ձեւ գտնի ինձ հետ հանդիպել: Ներկա դրությամբ ես հրապարակում եմ, կարող ենք այստեղ հրապարակավ հանդիպել, իսկ եթե դա անհարմար է, կարող ենք ժողովրդի տան օթյակում, որեւէ հարմար վայրում, որը համարվում է Ազատության հրապարակ, ինքը եթե ուզում է բաց, ուրախ կլինեմ, եթե փակ է նախընտրում, խնդրեմ: Կարծում եմ, որ քաղաքական մշակույթի տեսակետից շատ դաստիարակչական կլինի այս սրճարանում հանդիպել, ինչպես նախօրոք ասել եմ, մենք կհանդիպենք, կքննարկենք, իսկ ժողովուրդը դրսից կարող է տեսնել, թե ինչպես են Հայաստանի երկու քաղաքացիներ փորձում լուծում գտնել փետրվարի 18-ի գողացված ընտրությունից հետո համազգային այս խնդրին: Բայց եթե ինչ-որ արգելք կա, թող գրավոր պատասխանի, առաջարկ անի, մինչեւ այն ժամանակ, որ մենք կկարողանանք, եթե ցանկությունը լինի, դեմ առ դեմ հանդիպել: Բայց պարզ է, որ մինչեւ այս փուլի ավարտը ես Ազատության հրապարակից պարզապես դուրս չեմ գա», - ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հստակեցնող հարցին, թե եթե հանգրվանը մինչ ապրիլի 9-ի երդմնակալությունն է, դրանից հետո կհանդիպի՞ Սերժ Սարգսյանին Ազատության հրապարակից դուրս, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ապրիլի 9-ից հետո, ես կարծում եմ, մեր կարգավիճակները տարբեր են լինելու, թե իր, թե իմ, եւ ամենակարեւորը` ժողովրդինը: Եվ ես միշտ պատրաստ եմ բոլորի հետ հանդիպել, բոլոր պայմաններում եւ նախընտրաբար առանց նախապայմանների: Քիչ մնաց, ապրիլի 9-ին կունենանք նոր Հայաստանի երդմնակալություն»:

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը դեռ չի արձագանքել Արմեն Արզումանյանի հայտարարությանը:
XS
SM
MD
LG