Մատչելիության հղումներ

Ռուստամյան. «Փորձելու ենք ձեւավորել ետընտրական դաշինք»


Ռուստամյան. «Փորձելու ենք ձեւավորել ետընտրական դաշինք»
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00
Ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը բանակցություններ են վարում Երեւանու ավագանու ընտրությունների արդյունքում իրենց ստանալիք քվեները միավորելու շուրջ, ասում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Անցած շաբաթներին ոչ իշխանական եւ ընդդիմադիր չորս ուժերի` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցություններ տեղի ունեցան երևանյան ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու շուրջ, սակայն` ապարդյուն: Արմեն Ռուստամյանը, ով գլխավորում է Երեւանի ավագանու ընտրություններում Դաշնակցության ընտրացուցակը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ բանակցությունների մասին որոշ մանրամասներ պատմեց։

«Մեր գրասենյակում մի քանի ռաունդով հավաքվեցինք՝ ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչների հետ։ Դժբախտաբար նորից ամբիցիաները գերակա դարձան, ամեն մեկն ասաց, որ ցանկը ինքը պետք է գլխավորի», – նշեց Ռուստամյանը, – «Մենք նվազագույնի հասցրեցինք մեր հավակնությունները, որպեսզի հնարավոր լինի այդ միացումը, եւ այդ գլխավորելու առումով ասացինք՝ խնդիր չունենք, դուք իրար հետ համաձայնեք, մենք պատրաստ ենք այդ ցանկում լինել եւ մեր ողջ ներուժը ներդնել հաջողության համար։ Դժբախտաբար դա տեղի չունեցավ»։

Ռուստամյանը նշեց, որ վերոհիշյալ երկու ուժերի հետ բանակցությունները հաջողությամբ պսակվեին, իրենք պատրաստվում էին միավորվելու հնարավորությունը քննարկել նաեւ Կոնգրեսի հետ։

«Սակայն եթե մեզ նախընտրական դաշինքը չհաջողվեց, մենք փորձելու ենք ձեւավորել ետընտրական դաշինք», – շարունակեց դաշնակցական գործիչը, – «Երկկողմանի մի քանի ուղղություններով խոսակցություն եղել է, դրա մասին ՀԱԿ–ն է կարծես նաեւ հայտարարել, որ ճիշտ է գտնում այդ մոտեցումը։ Ճիշտ կլինի, որ մնացած քաղաքական ուժերն էլ դա ճիշտ գնահատեն եւ իսկապես անհասկանալի կլինի, թե սա, օրինակ, ինչու տեղի չի ունենում»:

Ռուստամյանը նաեւ հույս հայտնեց, որ իշխանական ուժերը` ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, չեն կարողանա անգամ միասին մեծամասնություն ստանալ Երեւանի ավագանիում. - «Եվ այդ հույսը ոչ միայն գալիս է նրանից, որ այս նախագահական ընտրություններն են այդ ֆոնը ստեղծել, այլ նաեւ, եթե անգամ հաշվի առնենք Ազգային ժողովի ընտրությունները, որտեղ գիտենք՝ աշխատեցին վրաչաֆինանսական ռեսուրսները գրեթե համատարած, եւ այդ պարագայում «Օրինաց երկիրը» եւ Հանրապետականը առանձին-առանձին որեւէ մեկը 40 տոկոսը չհաղթահարեց, միասին էլ 50 տոկոսը չեն հաղթահարել՝ համամասնական եթե ձայները նայեք»։

Դաշնակցության ներկայացուցիչը ընդգծեց, որ ընդդիմության հաղթանակը Երեւանում ի վերջո թույլ կտա կոտրել այն միակուսակցական համակարգը, որը ձեւավորվել է Հայաստանում եւ որը, Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակի պատճառն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG