Մատչելիության հղումներ

Երկրորդ հայցը ընդդեմ 17/4 ՏԸՀ նախագահի


Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկություն ընտրատեղամասերից մեկում
Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկություն ընտրատեղամասերից մեկում
Լրագրող Ծովինար Նազարյանը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Արտաշատի թիվ 17/4 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Տիգրան Վիրաբյանի:

Լրագրողն ակնկալում է, որ դատարանն իր վճռով Վիրաբյանին կպարտավորեցնի ներողություն խնդրել վիրավորական արտահայտությունների համար, այդ գործողությունը տեսաձայնագրել, տեսաձայնագրությունը տեղադրել Youtube կայքում, ինչպես նաեւ մեկ միլիոն դրամ բռնագանձել հանրապետական պաշտոնյայից:

Տիգրան Վիրաբյանը Հայաստանի նախագահի ընտրության օրը՝ փետրվարի 18-ին, ընտրատեղամասում Ծովինար Նազարյանին հասցեագրել է «կտամ կսպանեմ», «հիստերիկի նման» արտահայտությունները. Վիրաբյանի արտահայտությունները տեսաձայնագրվել են: «Կտամ կսպանեմ» վերնագրով տեսանյութը, ըստ Youtube-ում երեւացող տվյալների, դիտել է ավելի քան 10 հազար մարդ:

Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նկարահանում է քվեախցիկի մոտ նույն պահին կանգնած երկու անձանց, հանձնաժողովի նախագահը հորդորում է չնկարահանել՝ մասնավորապես, ասելով. - «Կրակն եմ ընկել ձեր նմանների ձեռը»։ Երբ Ծովինար Նազարյանը հիշեցնում է նկարահանելու իր իրավունքը, տեղամասային հանձնաժողովի նախագահը, ըստ տեսանյութում պատկերվածի, զգուշացնում է, թե կզանգահարի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ապա բջջայինով զանգահարում է ինչ-որ տեղ ու բողոքում. - «Ախպեր ջան, ստեղ մարդ ա էկել, չգիտեմ, […] դրած ինձի ա նկարում, ներվեր չունեմ, կեթամ կսպանեմ դրան, արեք հանեք տարեք ստեից, վայ։ Ներվերս իրար ա տալի արդեն հիստերիկի նման»։

Ծովինար Նազարյանի խոսքով՝ ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահի հեռախոսազանգից հետո տեղամաս է այցելել թիվ 17 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարգարյանը:

Լրագրողի խոսքով՝ իր հայցից պետք է եզրահանգումներ անեն մյուս պաշտոնյաները:

«Իմ իրական ցանկությունն է ուղղակի այսպիսի չինովնիկներին, ովքեր երկար տարիներ զբաղեցնում են ինչ-որ շատ յուղաբեր պաշտոններ, քվեարկության օրը իրենց հանդուգն, օրենքի վրա թքած ունեցողի կերպարանքով էնպիսի վարք են դրսեւորում, որ հետզհետե վտանգավոր են դարձնում էս երկրում ապրելը, էդպիսի մարդիկ իմանան, որ իրենք կարող են նաեւ դատական կարգով պատասխանատվության կանչվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ծովինար Նազարյանը։

Ընտրատեղամասում արձանագրված միջադեպերի կապակցությամբ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե կոշտ զրույց է ունեցել իր ենթակայի հետ:

Հիշեցնենք, որ Տիգրան Վիրաբյանի դեմ մեկ միլիոն դրամի եւ ներողություն խնդրելու պահանջով հայց է ներկայացրել նաեւ 75-ամյա ընտրող, Արտաշատի բնակչուհի Անիկ Դավթյանը։

Տիգրան Վիրաբյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել է, որ եթե դատարանը որոշի, ինքը պատրաստ է ներողություն խնդրել: «Ընդամենը բոլորս էլ օրենք սիրող եւ կատարող մարդիկ ենք։ Եթե օրենքը մի բան որոշում ա, ո՞վ ենք, որ մենք օրենքը չկատարենք», - հայտարարել է, մասնավորապես, նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG