Մատչելիության հղումներ

Մարտի 27-ի մամուլ


«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ինչպես հայտնի է, Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանությանն ուղղված իր նամակում պահանջում էր «հանձնել» ոչ միայն 5 մարզպետարաններ, այլեւ նախարարություններ եւ պետական կառավարման որոշ այլ մարմիններ։ Իսկ դա նշանակում է ուղղակի մաս կազմել իշխանության եւ ձեւավորել կոալիցիոն կառավարություն։ Հակառակ դեպքում անհնար է պատկերացնել նախարարական պորտֆելների ստանձնում առանց կոալիցիայի։ Այնինչ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես ուզում է մնալ ընդդիմություն, ապա լավագույն դեպքում պետք է ստանձնի վերահսկողական գործառույթներ իրականացնող որոշ կառույցների ղեկավարումը։ Խոսքը առաջին հերթին իր առաջարկած «վերստուգիչ պալատի» մասին է։Սա կառույց է, որը ներառված չէ կառավարության կազմում։ Բնականաբար այդ պայմաններում խոսք լինել չի կարող նաեւ կոալիցիայի ձեւավորման մասին»։

«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը երեկ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական պայքարին` հայտնեց իր տեսակետը. «Չենք տեսնում այն տրամաբանական քայլերի շարքը, որը կարող է նպաստել ժողովրդի հաղթանակին: Նրա որդեգրած քաղաքականությունը մեզ համար անհասկանալի է: Մեծագույն սխալ է, երբ հետընտրական գործընթացները վերածում է նախընտրականի. այդ նամակագրությունը Սերժ Սարգսյանի հետ ու այն պահանջները, որ ներկայացրել է, իրատեսական չեն: Այն ոլորտները, որ պահանջում է, իշխանությունը երբեւէ չի զիջի, որովհետեւ դրանք այն ոլորտներն են, որոնց վրա հենվելով` կարողանում են պահպանել իշխանությունը: Ես դա փոխզիջում չեմ համարում, դա վերածվելու է քաղաքական առեւտրի, նորից տեսնելու ենք ժողովրդի խորը հիասթափությունը»:

«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ «ջան-ջիգյարային» հարաբերությունները շարունակվում են: Իր հայտնի ասուլիսում, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե կան բաներ, որոնք մարդը միայնակ չի կարող անել, օրինակ` չի կարող միայնակ ամուսնանալ, եւ Րաֆֆին շատ արագ ընդունեց «ամուսնության առաջարկը»: Օժիտի շուրջ բանակցությունները շարունակվում են: Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց քննարկել Րաֆֆիի առաջարկներից մի քանիսը, Ռուբիկ Հակոբյանը իր հերթին հայտարարեց, թե իրենց առաջարկները իմպերատիվ չեն, եւ հնարավոր են փոխզիջումներ եւ այլն: Թե ինչով կավարտվեն բանակցությունները` մեծ հաշվով արդեն էական չէ (որեւէ մեկին չի հետաքրքրում, թե որ նախարարություններն են ՕԵԿ-ինը, որոնք` ՀՀԿ-ինը): Տվյալ պահին շատ ավելի կարեւոր է հասկանալ, թե ովքեր են բանակցող կողմերը: Մի կողմում Սերժ Սարգսյանն է: Այն նույն Սերժ Սարգսյանը, ով 1998-ի պալատական հեղաշրջումից հետո եղել է Ռոբերտ Քոչարյանի իշխանության ամենաառանցքային պաշտոնյան, ով 2008-ին նախագահ է դարձել կեղծված ընտրությունների եւ 10 զոհերի արյան գնով: Մյուս կողմում Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այն նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, լինելով Հայաստանի երրորդ հանրապետության արտգործնախարարը, հաջողացրեց կարճ ժամանակում ցույց տալ, որ իր անձնական իմիջը ավելի բարձր է գնահատում, քան պետական շահը»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Որքան մոտենում է ապրիլի 9-ը, այնքան շիկանում է երկրի մթնոլորտը: Արտաքուստ հանդարտ վիճակը մի քանի ժամում կարող է փոթորկի վերածվել եւ ամեն ինչ տակնուվրա անել:
Երեկ արդեն ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն անթաքույց սպառնալիք էր հնչեցնում. «Եթե ընդդիմությունը խոսքից գործի անցնի, ինչպես դա եղավ 2008 թվի մարտին, երբ քաղաքացիական անհնազանդության կոչեր էին հնչում, այդ դեպքերի համար կան ոստիկանությունը, Սահմանադրությունն ու օրենքները»: Մենք, անշուշտ, Մարտի 1-ի դեպքերի մեր մեկնաբանությունն ունենք, որն էականորեն տարբերվում է Զոհրաբյանի մեկնաբանությունից: Եվ քաղաքացիական անհնազանդության կոչերն էլ դեռ զինված պայքար չեն նշանակում, այլ քաղաքական պայքարի տարատեսակ են եւ ընդունելի են ողջ աշխարհում: Մինչդեռ Զոհրաբյանը ոչ ավել, ոչ պակաս՝ հայտարարել է. «Ստվերային կառավարությունը գաղտնի կառույց է, որը պետք է բացահայտել եւ պատժել»: Այստեղ են ասել՝ այ քեզ բան»:

«Ժողովուրդ»-ը Լեռնային Ղարաբաղ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին հարցնում է. - «Տեղեկություններ ունե՞ք, թե գերտերությունների հետ Սերժ Սարգսյանն ինչ պայմանավորվածություններ ունի, ինչ խոստումներ է տվել ԼՂ հարցի հետ կապված»: Պատասխան. - «Այն, որ տեղեկությունները բաց են, բոլորը գալիս են ու ցանկանում են, որ հակամարտությունը կարգավորվի, եւ Հայաստանի իշխանությունը դրա մասին բազմիցս նշել է: Բայց կոնկրետ որեւէ բան, այսպես ասած` սցենար չկա: Ինչո՞ւ: Որովհետեւ դա շատ բարդ խնդիր է: Նախ եւ առաջ պետք է հաշվի առնել, որ խեղաթյուրված ձեւաչափով է ընթանում: Այո’, Հայաստանը շարունակում է բանակցությունները, եւ մենք երախտապարտ ենք դրա համար: Քանի որ այլընտրանքը կլիներ Արդբերջանի այդ ապակառուցողական քաղաքականությունը, այսինքն` բանակցություններից դուրս գալը, ընդհանրապես բանակցային գործընթացը տապալելը: Իսկ մենք չենք ցանկանում, որ այդպիսի բան լինի, հետեւաբար մեզ համար ավելի ձեռնտու է խեղաթյուրված ձեւաչափով լինի, քան թե ընդհանրապես բանակցությունները տապալվեն: Արցախի մասնակցությունը ժամանակի խնդիր է: Շուտ թե ուշ` բայց դա լինելու է անպայման»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG