Մատչելիության հղումներ

«Թայմզը» քննադատում է Էրդողանին մամուլին ճնշելու համար


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ակնկալվում է, որ այսօր միջազգային իրավապաշտպան Amnesty կազմակերպությունը կհրապարակի հերթական զեկույցը՝ Թուրքիայում խոսքի ազատության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների, տեսակետները ճնշելու, լրագրողներին ձերբակալելու մասին:

Մինչ այդ թեմային անդրադառնում են արեւմտյան հեղինակավոր պարբերականները. - «Գնալով ավելի բռնապետական դարձող Անկարան այժմ աշխարհի առաջատարն է ձերբակալված լրագրողների թվով», - գրում է բրիտանական «Թայմզը»:

Հիշեցնելով Չերչիլի հայտնի խոսքերը, թե «Պատմությունն իմ հանդեպ բարեխիղճ կլինի, որովհետեւ մտադիր եմ ինքս գրել այն», «Թայմզը» փաստում է՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը էլ ավելի անհամբեր է եւ ուզում է, որ պատմության առաջին ու չմշակված տարբերակը` մամուլը, բարի լինի իր նկատմամբ հենց այսօրվանից:

«Լրագրողները, որոնք չեն համակերպվում Էրդողանի այս ցանկության հետ, պիտի պատրաստ լինեն շատ բարձր գին վճարել դրա դիմաց, այդ թվում՝ սեփական ազատությունը», - փաստում է պարբերականն ու մանրամասնում. - «Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի վերջին տվյալներով` Թուրքիան այսօր լրագրողների ամենամեծ բանտն է աշխարհում՝ առաջ անցնելով անգամ Իրանից ու Չինաստանից: Այդ երկրում հիմա ճաղերի ետեւում է 49 լրագրող` շատ հաճախ ահաբեկչական քարոզչություն ծավալելու մեղադրանքով, այն դեպքում, երբ քրեական օրենսգիրքը հստակ տարանջատում չի դնում քարոզչության ու լրագրողական հետաքննության միջեւ»:

Որպես օրինակ նշվում է Թուրքիայում քրդերենով լույս տեսնող միակ օրաթերթի՝ «Ազադիյա վելաթի» խմբագրի դեպքը, ով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ արգելված քրդական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով: Ընդ որում, որպես ապացույց դատարանում ներկայացվել են լրագրողի հրապարակումները, ինչպես նաեւ հեռախոսազրույցները գործընկերների ու տեղեկատվություն տրամադրող աղբյուրների հետ:

Իրավապաշտպանները փաստում են նաեւ, որ էլ ավելի նենգ են կառավարության կողմից կուլիսների ետեւում գործադրվող ճնշումները, որոնց տեղի տալով՝ թերթերի ու լրատվամիջոցների ղեկավարներն ուղղակի աշխատանքից ազատում են կառավարությանը քննադատող լրագրողներին:

Այսօրինակ «պատժված» լրագրողներից մեկն էլ «Միլիեթի» հայտնի վերլուծաբան Հասան Քեմալն էր, ով աշխատանքից ազատվեց այն բանից հետո, երբ վարչապետ Էրդողանը նրան հրապարակային քննադատեց քրդերի հետ խաղաղության գործընթացի վերաբերյալ բացառիկ տեղեկատվություն հրապարակելու համար: Հատկանշական է, որ Թուրքիայում մեծ համբավ ունեցող լրագրողը իր վերջին խմբագրականը վերնագրել էր այսպես՝ «Լրագրությունը մահացավ»:

«Սրանք տգեղ, ճնշող ու մտահոգիչ միտումներ են մի երկրի մասին, որի տնտեսությունը մեծությամբ 17-րդն է աշխարհում, եւ որի վարչապետի՝ երբեմնի տպավորիչ բարեփոխումներն ու խոստումները այժմ հօդս են ցնդում», - գրում է «Թայմզը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG