Մատչելիության հղումներ

Վերաքննիչը անփոփոխ թողեց Մատաղիսի գործով արդարացման դատավճիռը


Ձախից՝ աջ. Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը եւ Ռազմիկ Սարգսյանը Շիրակի մարզի դատարանում լսում են իրենց արդարացման դատավճիռը, 18-ը դեկտեմբերի, 2013թ.

Ձախից՝ աջ. Մուսա Սերոբյանը, Արայիկ Զալյանը եւ Ռազմիկ Սարգսյանը Շիրակի մարզի դատարանում լսում են իրենց արդարացման դատավճիռը, 18-ը դեկտեմբերի, 2013թ.

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց Մատաղիսի գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի արդարացման դատավճիռը:

Անցած տարեվերջին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը անմեղ են ճանաչվել՝ 2003 թվականին զինվորներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանությանը նրանց մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով:

Ընդհանուր իրավասության դատարանի՝ անցած տարվա վերջին կայացրած դատավճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել էին սպանված զինծառայողներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը եւ զինդատախազությունը։

Դատավճռի հրապարակումից հետո զինդատախազության ներկայացուցիչները, որոնք վերաքննիչ բողոք էին ներկայացրել, անմիջապես հեռացան դահլիճից:

2003 թվականին սպանված զինվորներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանը, դատավճռի հրապարակումից «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ բողոքարկելու է նաեւ Վերաքննիչի դատավճիռը:

Մինչդեռ, սպանված երկու զինվորներից Հովսեփ Մկրտումյանի մայրը՝ Գրետա Մնացականյանը, Վերաքննիչից շնորհակալություն էր հայտնում:

«Համոզված ենք, որ այս երիտասարդները ընդհանրապես մեղավոր չեն», - պնդեց Գրետա Մնացականյանը, - «Մեղավորները դրսում են: Մենք պահանջում ենք, որ այդ մեղավորները պատժվեն»:


Երկու զինվորների՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության գործը, որը տեղի է ունեցել 2003 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասում, տարիներ շարունակ շրջապտույտի մեջ է Հայաստանի դատական համակարգում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2005 թվականին 3 զինծառայողներին՝ Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին ու Մուսա Սերոբյանին դատապարտել էր 15-ական տարվա ազատազրկման: 2006-ին Վերաքննիչ դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման: Իսկ Վճռաբեկ դատարանը բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ: Այնուհետեւ, արդեն անցած տարի, տղաներն արդարացվել էին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից:

«Այսքան տարիների ընթացքում վերջապես արդարությունը հաղթեց», - այսօր կարծիք հայտնեց Մուսա Սերոբյանի մայրը՝ Մարինե Սերոբյանը:

Մուսա Սերոբյանն ասաց, որ իր օրինակը պետք է վարակիչ դառնա մյուսների համար:

«Թող տեսնեն, որ արդարությունը հաղթահարել է: Թող պայքարեն, ամեն մարդ իր արդարության համար», - կոչ արեց ցմահ ազատազրկման դատապարտված, իսկ այժմ արդարացված նախկին զինծառայողը:

«Մատաղիս երկրորդ գործը նոր սկսվելու է: Արդեն գնալու է իսկական հանցագործներին բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու գործընթացը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ ով տարիներ շարունակ զբաղվում է այս գործով, - «Մեր խնդիրն էր, իհարկե, հասնելու այն բանին, որ անմեղ երիտասարդները չդատապարտվեն իրենց չարած մեղքերի համար: Բայց մյուս կողմից էլ, հանցագործությունը պետք է բացահայտվի եւ այդ մյուս երկու երիտասարդ զինծառայողներին սպանողները բացահայտվեն եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:

Սաքունցը նաեւ կարծիք հայտնեց, որ մեղադրական կողմը միտումնավոր ապակողմնորոշել է սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի մորը՝ Գոհար Մելքոնյանին:

«Քրեական գործը վարողները, որոնք ակնհայտ կեղծ քրեական հետապնդում իրականացրեցին, իրենք էին շահագրգիռ, որպեսզի տուժողներից գոնե առնվազն մեկը իրենց շահերի պաշտպանը հանդես գա», - հայտարարեց իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ Մատաղիսի գործի վարման ամենասկզբնական Եղիազարյանի շահերի պաշտպանի դիրքորոշումը բոլորովին այլ էր՝ այնպիսին էր, ինչպիսին մյուս տուժողի դիրքորոշումը:
XS
SM
MD
LG