Մատչելիության հղումներ

Հասմիկ Պողոսյանը այցելել է Թբիլիսի


Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին, արխիվ
Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին, արխիվ
Անցած շաբաթ պաշտոնական այցով Թբիլիսիում էր Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Հասմիկ Պողոսյանը մարտի 21-ին հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի, մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ:

Իվանիշվիլիի հետ հանդիպմանը Հայաստանի մշակույթի նախարարը կարեւորել է Վրաստանի վարչապետի` տարեսկզբին Երեւան կատարած այցելությունը, ինչը, ըստՊողոսյանի, լուրջ խթան է հանդիսացել, մասնավորապես, երկկողմ մշակութային համագործակցության ծրագրերի հստակեցման եւ համատեղ իրականացվելիք միջոցառումների նախանշման առումով: Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել երկու ժողովուրդների միջեւ մշակութային համագործակցության խորացմանը եւ մշակութային կապերի ամրապնդմանը:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդը Հասմիկ Պողոսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում բարձր է գնահատել հայ եւ վրաց եղբայրական ժողովուրդների հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունը եւ կարեւորել երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային ժառանգությունը սերունդներին հասու դարձնելուն ուղղված քայլերը: Միաժամանակ, կողմերը կարեւորել են եկեղեցական եւ հոգեւոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցությունը` որպես մշակութային համագործակցության կարեւոր բաղադրիչ:

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիայի հետ տեղի ունեցած առանձնազրույցի եւ երկու երկրների մշակույթի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մշակութային համագործակցության ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում` Վրաստանում հայկական հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաեւ մշակութային ծրագրերի ու միջոցառումների իրականացման վերաբերյալ խնդիրներ:

Հասմիկ Պողոսյանն իր գործընկերոջ հետ միասին եւ պատվիրակության այլ անդամների ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիում գտնվող Նորաշենի Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եւ Մուղնու Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցիներ` ծանոթանալու վերականգնողական աշխատանքների նախագծային եւ այլ մանրամասներին: Հայաստանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաեւ Մծխեթայում գտնվող վրաց ուղղափառ եկեղեցու Սվետիցխովելի եւ Շիոմգվիմելի վանական համալիրներ:

Պաշտոնական այցի շրջանակներում Հասմիկ Պողոսյանը Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ մասնակցել է նաեւ մի շարք մշակութային եւ համայնքային միջոցառումների: Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախարարը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG