Մատչելիության հղումներ

logo-print

100 տարվա պատմություն ունեցող «Անուշ» օպերան կներկայացվի նորովի


Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը (ձախից) եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ասուլիսի ժամանակ, Երեւան, 26-ը մարտի, 2013թ.

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը (ձախից) եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ասուլիսի ժամանակ, Երեւան, 26-ը մարտի, 2013թ.

Ապրիլի 26-ին կկայանա «Անուշ» օպերայի հայ - ֆրանսիական նախագծի պրեմիերան՝ հարյուրամյա պատմություն ունեցող օպերան կներկայացվի նորովի:

Նախագիծը երկու երկրների մասնագետների համատեղ ուժերով արվող աշխատանք է, որի արդյունքում հանդիսատեսի դատին կհանձնվի նոր «Անուշ»-ը, ինչպիսին այն տեսնում են բեմականացման հեղինակներ Սերժ Ավետիքյանը եւ Նիկոլա Մյուզենը:

Ավետիքյանը նշում է, որ Տիգրանյանի եւ Թումանյանի ստեղծագործությանն իրենք ավելացրել են ժամանակի շունչ, նոր կոնցեպտուալ եւ տեխնոլոգիական լուծումներ՝ ազգայինը դարձնելով ունիվերսալ եւ համամարդկային:

Հեղինակները խոստանում են, որ նոր «Անուշ»-ը դառնալու է այս գարնան ամենանշանակալի եւ ամենաքննարկվող մշակութային իրադարձությունը:

«Մենք համարձակվել ենք վերամշակել Տիգրանյանի երաժշտությունը, իհարկե՝ չդավաճանելով», - ասաց Ավետիքյանը:

«Բեմականացումը հնարավորություն է տալիս միեւնույն տարածքի մեջ իրար կապել մեներգիչներին եւ երգչախմբի երգիչներին, երաժիշտներին ու պարողներին: Շեշտը դրվելու է տարածության վրա: Ի սկզբանե մենք գնացել ենք զտման ճանապարհով, օգտագործել ենք ազգային տարազներ, գույներ, սակայն դրանք զտել ենք, ստացել լավագույնը, նույնն արել ենք նաեւ պարային ներկայացման հետ», - ասում է օպերայի խորեոգրաֆ, հագուստների եւ բեմի ձեւավորման հեղինակ Նիկոլա Մյուզենը:

Հինգ գլխավոր դերակատարների համար Կոնսերվատորիայում մրցույթ են անցկացրել: Դերակատարների տարիքը լինելու է պոեմի կերպարների տարիքին համապատասխան:

Բեմի վրա տեղադրվելիք էկրանի վրա ներկայացվելու են Լոռու մարզի բնապատկերները:

Երեւանյան պրեմիերայից հետո նոր «Անուշ»-ը ներկայացվելու է նաեւ Փարիզում։
XS
SM
MD
LG