Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին


«Ժառանգության» ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանը (աջից) եւ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ, Երեւան, 26-ը մարտի, 2013թ.
«Ժառանգության» ներկայացուցիչներ Ռուբեն Հակոբյանը (աջից) եւ Հովսեփ Խուրշուդյանը Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ, Երեւան, 26-ը մարտի, 2013թ.
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա նամակին, պատասխանը արդեն ուղարկվել է նախագահական նստավայր։

Նամակում, որի տեքստը Ազատության հրապարակում երեքշաբթի օրը հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ ընթերցեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, Հովհաննիսյանը դրական է գնահատում երկրի նախագահի գրավոր արձագանքը իր առաջարկներին եւ պատրաստակամություն է հայտնում քննարկումների նպատակով նրան հանդիպել Ազատության հրապարակում։ Հակառակ դեպքում, «Ժառանգության» առաջնորդը Սերժ Սարգսյանին կոչ է անում գրավոր ներկայացնել, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել իր առաջարկների կապակցությամբ։

«Թեեւ նամակի ընդհանուր ձեւակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը` հանդիպելու Ձեզ եւ սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձեւաչափով` Ազատության հրապարակում», - նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով. - «Եթե ինչ-ինչ պատճառներով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող` Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»:

Նախագահ Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, երեկ պատասխանելով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ հրավիրելու կամ առնվազն 8 պաշտոններ զիջելու, ընտրակեղծարար մարզպետներին պաշտոնանկ անելու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներին, պատրաստակամություն է հայտնել երկխոսել, հորդորելով Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, «մեկ երկու օր կազդուրվել» եւ միասին «լուրջ», «առանց շոուների» աշխատել:

«Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ եւ կարող եմ առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի», - ի պատասխան՝ նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ասուլիսում արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի ճշտմանը, թե «փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրավիրում է Ազատության հրապարակ, կարո՞ղ ենք եզրակացնել, որ ինքը նախագահի նստավայր չի գնա այլեւս», «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ասաց. - «Հասկանալի է, որ պարոն Հովհաննիսյանը հացադուլի մեջ է: Մինչեւ հացադուլը միշտ հայտարարել է, որ ցանկացած պահի, ցանկացած ժամանակ, ցանկացած նստավայր կգնա, որովհետեւ պատրաստ է արձագանքել պարոն Սերժ Սարգսյանի հրավերին, եւ գնալ եւ քննարկել հարցը: Բայց հացադուլից հետո շատ բնական է, որ արդեն հացադուլը որոշակիորեն նոր իրավիճակ եւ նոր կարգավիճակ է ստեղծում պարոն Հովհաննիսյանի համար»:

Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ սա իր անձնական կարծիքն է, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը իր տեսակետը կհայտնի չորեքշաբթի օրը Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը:

Հակոբյանը դատապարտեց Սերժ Սարգսյանի երեկվա նամակում տեղ գտած որոշ ձեւակերպումներ, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները «շատ հում» որակելը` նախագահի խորհրդականներին խորհուրդ տալով հետագա փաստաթղթերը կազմելիս խուսափել նման բառերից, եթե երկխոսելու «պոզիտիվ տրամադրություններ կան»:

Հարցին, թե հնարավոր է երկխոսություն սկսելու դեպքում Հովհաննիսյանի որոշ առաջարկներ հանվեն կամ այլ տարբերակներ ավելանան, Հակոբյանն արձագանքեց. - «Եթե երկխոսությունը կարողանա արդյունքում ծնել բանակցելու տրամադրություն եւ անհրաժեշտություն, այդ դեպքում արդեն այդ հարցերը կքննարկվեն, եւ այդ քննարկման արդյունքում, բնականաբար, այն, ինչ ներկայացվում է կողմերի կողմից, դա իմպերատիվ չէ, վերջնական չէ, կարող են քննարկման արդյունքում որոշ կոմպրոմիսային հարցեր կա'մ ավելանալ, կա'մ դուրս մղվել»:

Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ իշխանությունների հետ «Ժառանգություն» կուսակցության երկխոսությունը չի արժանանա 2011-ին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես - իշխող կոալիցիա ձախողված բանակցությունների ճակատագրին: Այս հարցին Հակոբյանն արձագանքեց. - «Եթե վախենալ եւ չգնալ երկխոսության` մտածելով, որ կարող են մեզ խաբել, ուրեմն կարելի է ընդհանրապես փակվել եւ ոչինչ չանել: Եթե քաղաքական ուժը ունի իմունիտետ` գնալ երկխոսության եւ կարողանալ իր սկզբունքը պահել, ունի նշաձողեր, թե մինչեւ որ կետը կարող է ինքը այդ երկխոսության կամ բանակցությունների ընթացքում փոխհամաձայնության գալ, այդ ուժը միշտ կարողանում է իր ստորագրությունը ունենալ եւ երբեք չի պարտվում: Ես այս պահին չեմ հայտարարում, որ մենք անպայման կգնանք, կբանակցենք-կհաղթենք, բայց ճշտել ենք այն ներքին նշաձողը, որից այն կողմ մենք չենք գնալու»:

Թե որն է այդ նշաձողը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը առայժմ չհրապարակեց:

Անդրադառնալով այն հարցադրումներին, թե ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը 8 պաշտոններ զիջելու իր առաջարկներում չի պահանջել նաեւ վարչապետի, ոստիկանապետի, արդարադատության նախարարի հրաժարականները` Ռուբեն Հակոբյանն ասաց. - «Այսօր կան ուժեր, որոնք բացարձակապես չեն պահանջում նախագահի հրաժարականը, չեն ասում, որ կեղծիքով է ընտրվել նախագահը, բայց օրը 25 անգամ ասում են` վարչապետը պետք է հրաժարական տա: Քաղաքական դե ֆակտո իրականությունն այնպիսին է, որ վարչապետը` որպես վարչապետ, ավելի քիչ լիազորություններ ունի, քան նույնիսկ կարող է ունենալ որեւէ նախարարի կամ օլիգարխի թիկնապահների շեֆը: Եվ այսօր եթե մեզ քննադատում են, թե դուք օրը 25 անգամ չեք պահանջում վարչապետի հրաժարականը, ես պարզ դեմագոգիա եմ տեսնում այդտեղ: Երբ մենք պահանջում ենք վերանայել կեղծված ընտրությունների արդյունքները, դա նշանակում է ե’ւ նախագահ, ե’ւ վարչապետ, ե’ւ ոստիկանապետ, ե’ւ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ պաշտոնների հակումներ ունեն, նաեւ այդ պաշտոնների հրաժարականն ենք պահանջում»:

Պատասխանելով կոալիցիոն կառավարություն կազմելու հեռանկարին վերաբերող «Ազատություն» ռադիոկայանի հարցին` «Ժառանգության» ղեկավար անդամը ասաց. - «Իմ անձնական կարծիքն է, որ չի լինելու նաեւ կոալիցիոն կառավարություն մեր մասնակցությամբ: Կոալիցիան դա մի քիչ ուրիշ բան է: Մեր մոտեցումներով` կարող ես լինել ընդդիմություն եւ մասը կազմել պետական կառավարման համակարգին»:
XS
SM
MD
LG