Մատչելիության հղումներ

Սաֆարյանը «մերժման տարրեր» է տեսնում նախագահ Սարգսյանի պատասխանում


ՀՀԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչները` Սերժ Սարգսյանի նամակի մասին
please wait

No media source currently available

0:00 0:40:54 0:00
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստեփան Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանին հասցեագրած Սերժ Սարգսյանի պատասխան նամակում «մերժման տարրեր» է տեսնում:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է առաջին նախադասությանը, որում Սարգսյանը գրում է, թե «Ժառանգության» առաջնորդի առաջարկները «հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին»:

Հորդորելով Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, կազդուրվել, այնուհետեւ «թուղթ ու գրիչով» միասին աշխատել` Սերժ Սարգսյանը, ըստ Ստեփան Սաֆարյանի, «ժամանակ է ձգում»:

«Իհարկե, լավ է, որ արձագանք կա, որ պատրաստակամություն կա նստել, զրուցել», - «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում երկուշաբթի օրը ասաց Սաֆարյանը` շարունակելով. - «Բայց այստեղ խնդիր կա: Տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն ասում է` գիտես ինչ, Րաֆֆի Հովհաննիսյան, ես վստահ չեմ, որ դու սոված ժամանակ լավ կբանակցես, հացադուլից դուրս արի, նոր բանակցենք… Ես այստեղ ժամանակ շահելու բան եմ տեսնում: Այս փակուղին, որ ստեղծվել է բոլոր կողմերի համար, այս փակուղին վերացնելու եւ մեկ այլ փակուղի ստեղծելու բան եմ տեսնում»:

ՀՀԿ-ի ղեկավար ներկայացուցիչ, իշխող ուժի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, պնդեց, թե իշխանությունը ժամանակ ձգելու խնդիր չունի, իսկ Սերժ Սարգսյանը կոնկրետ առաջարկություն է անում Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Րաֆֆի Հովհաննիսյանն իսկապես ունի առողջ բանականություն եւ դատողություն, եւ այս խնդիրները, որոնք արծարծված են հայտարարության մեջ, անպայման անպատասխան չի թողնի, եւ փոխադարձ քայլը կատարելով` մենք կունենանք այլ իրականություն: Որտեղ իսկապես խնդիրների մասին կխոսեն, կխոսեն լուծումների մասին, ապագա ճանապարհային քարտեզի մասին: Կարծում եմ, առաջին քայլը հիմք է, բավարար է, որպեսզի նստեն եւ զրուցեն: Ես կարծում եմ, եւ նաեւ իմ ցանկությունն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, մեկ-երկու օր իսկապես հանգստանա: Հանգստանալը միայն հաց ուտելը չէ` իմ պատկերացմամբ: Հանգստանա նաեւ այն իրավիճակից, որը Ազատության հրապարակում իր շուրջը կատարվում է: Նաեւ այս առումով հոգեպես հանգստանա եւ ավելի իրատեսական, ավելի առողջացած մտքով նստեն եւ խոսեն»:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ թիվ մեկ խնդիրը Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլից հանելն է դառնում», - արձագանքեց Ստեփան Սաֆարյանը: - «Րաֆֆի Հովհաննիսյանին հացադուլից հանելու լավագույն ձեւը քաղաքական ճգնաժամը լուծելն է: Այսօր երկրի քաղաքական ճգնաժամը դա Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը չէ եւ ոչ էլ ընդդիմության ներգրավվածությունը իշխանական պաշտոններում` թեկուզեւ վերահսկողական: Իշխանության ձեւավորմամբ` շատ լուրջ ճգնաժամ է ի հայտ եկել, եւ հասարակության մի զգալի հատվածի շուրթերին այդ լեգիտիմության ճգնաժամը նստած է: Եվ որեւէ մի պաշտոն, ներգրավվածություն իշխանական մարմիններում չի կարող լուծել այդ խնդիրը` եթե ընտրությունների արդյունքում ծագած վեճը չի լուծվում վստահություն ներշնչող ընտրություններով»:

«Տա Աստված, այս նամակից անդին, եթե ինքը [Սերժ Սարգսյանը] եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեն, կարողանան համալիր, համապարփակ լուծումներ տալ իրավիճակին: Նորից եմ շեշտում` ես այստեղ առաջին պարբերության մեջ տեսնում եմ պահանջներից մեկի մերժում կամ դրա պատրաստակամություն: Երկրորդի վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իր վերաբերմունքն արտահայտել է` փշրանքներ պետք չէն: Ուզում եմ ասել` տա Աստված, ես սխալվեմ, տա Աստված, բանակցությունների ընթացքում պարզվի, որ երկու կողմերին եւ առաջին հերթին ժողովրդի հարցերին պատասխան տվող լուծումներ են գտնվել: Այլապես մնացածը կլինի կոսմետիկ փոփոխություն», - նշեց Ստեփան Սաֆարյանը:
XS
SM
MD
LG