Մատչելիության հղումներ

logo-print
«2012-ին ժողովրդավարության մակարդակով Հայաստանը աշխարհի 165 պետությունների շարքում 114-րդ տեղում էր», - իրենց տարեկան` թվով հինգերորդ զեկույցում նշում են լոնդոնյան «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական հավելվածի վերլուծաբանները:

Զեկույցից պարզ է դառնում, որ Հայաստանը ինչպես եւ նախորդ տարիներին, այսօր էլ «հիբրիդային պետությունների» թվում է` ժողովրդավարության մակարդակով գտնվելով մոտավորապես նույն մակարդակի վրա, ինչ Նեպալը, Իրաքը կամ Հայիթին:

Նշենք, որ «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները պետությունների ժողովրդավարության մակարդակը գնահատում են 10 բալանոց սանդղակով: Բրիտանացի վերլուծաբանների հաշվարկի համաձայն, Հայաստանի արձանագրված միջին ցուցանիշը 2008 թվականից ի վեր չի փոխվել. այն կազմում է 4.09 միավոր:

Ամենածր ցուցանիշները քաղաքական մշակույթի ընդհանուր վիճակին են վերաբերում: Այս ցուցանիշով, ըստ «Էկոնոմիստ»-ի մասնագետների, Հայաստանը նույն մակարդակի վրա է, ինչ աֆրիկյան մի շարք պետություններ` ասենք, Մալին, Նիգերիան կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Փոխարենը այս նույն ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից, որտեղ քաղաքական մշակույթի մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան Հարավային Կովկասում կամ Ուկրաինայում: Ցածր են նաեւ Հայաստանում արձանագրված ցուցանիշները կառավարման արդյունավետության մակարդակի առումով:

Ինչ վերաբերում է ընտրական պրոցեսներին, ապա դրանք արժանացել են բրիտանացի վերլուծաբանների ընդամենը 4.33 գնահատականին` տասը հնարավորից:

«Հայաստանի նման արդյունքը համադրելի է Սինգապուրի, Իրաքի կամ Լիբիայի արձանագրած ցուցանիշների հետ», - պարզ է դառնում «Էկոնոմիստ»-ի մասնագետների հրապարակած զեկույցից:

Փաստաթղթի հեղինակների կարծիքով, միակ ոլորտը, որտեղ Հայաստանում իրավիճակը քիչ թե շատ բարվոք է, քաղաքացիական ազատությունները մակարդակն է, որը զեկույցի հեղինակների կողմից գնահատվում է 6 միավորից փոքր ինչ պակաս: Սա համադրելի է ասենք Վենեսուելայում քաղաքացիական ազատությունների մասկարդակի հետ:

Ինչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա Վրաստանը այս տարի զգալի առաջընթաց է արձանարգել` 2011 թվականի 102-րդ տեղից տեղափոխվելով 93-րդ հորիզոնականը: Նման ցատկի գլխավոր պատճառը վրացական ընդդիմության հաղթանակն էր նախորդ տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում: Եթե 2011 թվականի զեկույցում Վրաստանում ընտրական պրոցեսների ընդհանուր վիճակը «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները գնահատում էին 7 միավորից էլ քիչ, ապա այժմ այդ ցուցանիշն աճել է` հասնելով 8.52-ի: Նշենք, որ ընտրական պրոցեսների մոտավորապես նույնարժեք ցուցանիշ է առկա ընտրական ժողովրդավարության շատ ավելի պատկառելի փորձ ունեցող այնպիսի պետություններում, ինչպիսիք են Արգենտինան կամ Մեքսիկան: Չնայած այս առաջընթացին` Վրաստանը, Հայաստանի հետ մեկտեղ, շարունակում է մնալ «հիբրիդային պետությունների» խմբում:

Իսկ մեր մյուս հարեւան պետությունը` Ադրբեջանը, ավտորիտար վարչակազմ ունեցող պետությունների խմբում է: Ադրբեջանն արձանագրած գրեթե բոլոր ցուցանիշներով զիջում է հարեւան երկրներին:

Ավտորիտար պետությունների խմբին է դասվել նաեւ Ռուսաստանը: «Այս երկրի գլխավոր խնդիրներն են կառավարաման անարդյունավետությունն ու քաղաքական մշակույթի ցածր մակարդակը», - նշում են «Էկոնոմիստ»-ի վերլուծական հավելվածի փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG