Մատչելիության հղումներ

Բախշյանը երեւանցիներին հիշեցնում է «Ժառանգության» օգնության մասին


«Ժառանգություն» կուսակցության անդամ, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անահիտ Բախշյանի կարծիքով, հասարակությունը սկսել է հաղթահարել վախի զգացումը ու գնահատում է իր ձայնի կարեւորությունը։

«Քննադատել շատ պետք չէ։ Ընդամենը փաստերը շարես կողք-կողքի, դա կխոսի այն մասին, որ այսօրվա քաղաքի իշխանությունը աշխատել է ընդդեմ երեւանցու իրավունքի եւ շահի», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր ասաց Անահիտ Բախշյանը։

«Ժառանգության» ներկայացուցիչը կարծում է, որ հասարակությունը սկսել է հաղթահարել վախի զգացումը ու գնահատում է իր ձայնի կարեւորությունը։

«Եթե երեւանցիները հիշեն անցած տարիներին իրենց կողքին կանգնած քաղաքական ուժերին, ապա կընտրեն «Ժառանգության» ներկայացրած դաշինքին», - ասաց Բախշյանը, նշելով, որ երեւանցիները պետք է ընտրություն կատարեն՝ ելնելով քաղաքական ուժի գործունեությունից։

«Թիվ չեմ ասելու, տոկոս չեմ ասելու, բայց մեր քաղաքացիներին հիշեցնելու եմ, որ իրենց մատը հենց փուշ էր մտնում, վազում էին «Ժառանգություն» խմբակցության մոտ եւ մենք իրենց կողքին ենք կանգնել եւ բազում դեպքերում օգնել ենք ինչ-որ հարցեր լուծելու», - նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը։

Բախշյանը կարծում է, որ եթե Երեւանի ավագանիում «Ժառանգության» ներկայացրած անձինք մեծամասնություն կազմեն, ապա մայրաքաղաքի բազմաթիվ խնդիրների օրինական ու արդարացի լուծում կտրվի։
XS
SM
MD
LG