Մատչելիության հղումներ

logo-print

Մեծ Բրիտանիայում մահացել է Բորիս Բերեզովսկին


Բորիս Բերեզովսկի, Լոնդոն, օգոստոս, 2012թ.

Բորիս Բերեզովսկի, Լոնդոն, օգոստոս, 2012թ.

Վերջին շրջանում վտարանդի գործարարն ընկճված էր, ուներ ֆինանսական խնդիրներ եւ ... ներողություն է խնդրել Պուտինից։

Վլադիմիր Պուտինի երդվյալ հակառակորդ

BBC ռադիոկայանի փոխանցմամբ, Լոնդոնի մոտակայքում` Բերքշիր կոմսության Ասքոթ ավանում գտնվող առանձնատանը, մարտի 23-ին մահացել է Բորիս Բերեզովսկին։ Այդ մասին լրատվամիջոցներին հաղորդել են երբեմնի մեծահարուստ գործարարի ազգականները։

Հաղորդվում է, որ դին հայտնաբերել են առանձնատան լոգասենյակում տեղական ժամանակով ժամը 11-ին։

Բերեզովսկին 67 տարեկան էր, անցած 13 տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Լոնդոնում։ Բորիս Բերեզովսկին իրեն համարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի վճռական ընդդիմախոսը եւ հրապարակավ բազմիցս հավաստիացրել է, որ ջանք չի խնայի Պուտինի հակառակորդներին սատարելու եւ Կրեմլի դեմ մղած պայքարում։

Պարտություններ դատարաններում

Անցած շաբաթ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդել է, որ նախկին ռուսաստանցի օլիգարխը մեծ պարտքեր ունի եւ դրանք մարելու համար փակում է իր գրասենյակը Լոնդոնի Մեյֆեր շքեղ թաղամասում, վաճառում է Մեծ Բրիտանիայում իր գույքի մի մասը, շքեղ ռետրո-մեքենաների եւ արվեստի ստեղծագործությունների հարուստ հավաքածուն։

Բերեզովսկին անցյալ տարի տանուլ է տվել Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մեկ այլ մեծահարուստի` Ռոման Աբրամովիչի դեմ հարուցած դատը։ Բերեզովսկին Աբրամովիչին մեղադրել է տարբեր տարիներին կնքված գործարքների պայմանները խախտելու համար եւ ավելի քան 6 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջել։

Պարտվելով դատարանում, Բերեզովսկին ստիպված է եղել վճարել դատական գործի հետ կապված մեծ գումարներ։

Այս տարեսկզբին Բերեզովսկին նորից ներկայացել է Լոնդոնի Բարձր դատարան իր քաղաքացիական կնոջ` Ելենա Գորբունովայի կողմից գույքի եւ նյութական միջոցների խնդրով հարուցված հայցի կապակցությամբ։

Ռուսաստանում միայն մեկ գործով 6 տարվա հեռակա ազատազրկում

Ռուսաստանում Բերեզովսկին հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել ֆինանսական մեքենայությունների հոդվածներով։ Մոսկվան Լոնդոնից պահանջել է արտահանձնել Բերեզովսկուն, սակայն բրիտանացիները նրան քաղաքական ապաստան են տվել։

Միայն «Աէրոֆլոտ»-ի միջոցները մսխելու մեղադրանքով Բերեզովսկին Ռուսաստանում հեռակա կարգով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։

Հավանաբար ինֆարկտ

Բերեզովսկու մահվան հանգամանքների մասին ստույգ տեղեկություններ չկան։ Ռուսական եւ բրիտանական մամուլում հրապարակվել են ենթադրություններ ինքնասպանության վարկածի մասին, սակայն Բերեզովսկու ընտանիքի ներկայացուցիչների կողմից որեւէ մեկնաբանություն դեռեւս չի տրվել։

Մարդիկ, ովքեր ժամանակին շփվել են Բերեզովսկու հետ, պնդում են, որ նա չէր կարող անձնասպան լինել։

Բերեզովսկու շրջապատից մի աղբյուր ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, սրտի կաթվածն է։

Կյանքի իմաստի կորուստ

BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ մահանալուց ժամեր առաջ Բերեզովսկին զրուցել է Forbes հանդեսի թղթակցի հետ, ասելով, որ այլեւս չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ եւ ապրելու իմաստ չի տեսնում։

«Ես չգիտեմ` ինչ անել։ Ես 67 տարեկան եմ եւ չեմ պատկերացնում` ինչ անել հետագայում։ Ես իդեալիստական պատկերացում եմ ունեցել Ռուսաստանում դեմոկրատիա կառուցելու վերաբերյալ եւ իդեալիստական պատկերացում եմ ունեցել Եվրոպայի դեմոկրատիայի մասին։ Ես թերագնահատել եմ Ռուսաստանի դանդաղկոտությունը եւ խիստ գերագնահատել եմ Արեւմուտքը», - խոստովանել է Բերեզովսկին։

Լուրջ գիտություն, լուրջ բիզնես, մեծ քաղաքականություն

Բիզնեսով զբաղվելուց առաջ Բորիս Բերեզովսկին աշխատել է գիտական ասպարեզում։ 1973 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, 1983 թվականին դոկտորական թեզ է պաշտպանել, հարյուրից ավելի գիտական աշխատանքների եւ մի քանի մենագրությունների հեղինակ է։

Բիզնեսի ոլորտ մուտք է գործել 1989 թվականին։ «ԼոգոՎազ», ԱՎՎԱ, ՕՌՏ, «Սիբնեֆտ», «Ռուսալ» եւ մի շարք այլ ընկերությունների հիմնադիր-սեփականատերն էր կամ խոշոր փայատերը։

1996-97 թվականներին Բերեզովսկին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալն էր։ 1998-99 թվականներին աշխատել է որպես ԱՊՀ-ի գործադիր քարտուղար։ 2000 թվականին ակտիվ մասնակցել է Վլադիմիր Պուտինի նախընտրական արշավին, սակայն նույն թվականին քննադատել է Պուտինի քաղաքականությունը, ի նշան բողոքի հանձնել է Պետական դումայի պատգամավորի մանդատը եւ աշնանը հեռացել է Ռուսաստանից։

Բերեզովսկին... զղջացե՞լ է

Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ նախագահի արձագանքի մասին տեղեկություն չունի եւ ընդամենը կարող է նշել, որ «որեւէ դրական էմոցիա մարդու մահը` անկախ այն բանից, թե ինչպիսի մարդ էր, բնականաբար, չի կարող առաջացնել»։ Ապա Պեսկովը շատ հետաքրքիր լուր է հայտնել՝ ասելով, որ Բերեզովսկին նամակ է գրել Պուտինին։

«Մոտ երկու ամիս առաջ Բերեզովսկին նամակ է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Նամակում նա ներողություն է հայցել, գրել է, թե գիտակցում է, որ սխալներ է գործել, խնդրել է տալ հայրենիք վերադառնալու հնարավորություն», - ասել է Պեսկովը։

Բորիս Բերեզովսկին երեք անգամ է ամուսնացել, ուներ վեց զավակ եւ վեց թոռ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG