Մատչելիության հղումներ

Վերլուծաբանները` Հովհաննիսյանի առաջարկների մասին


Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մասնակիցները, փետրվար, 2013թ.

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մասնակիցները, փետրվար, 2013թ.

ՌԱՀՀԿ-ի փորձագետը դրանք լիովին իրատեսական է համարում, քաղտեխնոլոգը` ոչ այնքան տրամաբանական:

Ուրբաթ օրվա հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, լիովին իրատեսական են: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Էդգար Վարդանյանը:

«Ընդդիմության տեսակետից այն հանգուցալուծումն է, որը պետք է բավարարի բոլորին», - ասաց Վարդանյանը` շարունակելով. - «Ընդդիմությունը այս քայլով ցույց է տալիս, որ պատրաստ է փոխզիջման, որ պատրաստ է նստել «կլոր սեղանի» շուրջ: Սա խոսում է ընդդիմության պատրաստակամության մասին: Սրանից հետո ոչ մեկը չի կարող մեղադրել ընդդիմությանը, որ ընդդիմությունը չփորձեց սեղանի շուրջ նստել, չփորձեց հարցը լուծել բանակցությունների միջոցով»:

Փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող Հովհաննիսյանը, երեկ Ազատության հրապարակում ներկայացնելով իր առաջարկները, հայտարարեց, որ դրանք պայմանագրի տեսքով կուղարկվեն նախագահական նստավայր: Նրա խոսքով` իր այդ պայմանագրի դրույթներն անբեկանալի են:

Ընդդիմադիր գործիչը Սերժ Սարգսյանից պահանջում է կա՛մ արտահերթ նախագահական ընտրություններ, կա՛մ այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` միայն համամասնական ընտրակարգով, փոփոխությունների ենթարկել Ընտրական օրենսգիրքը եւ վերականգնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կուսակցական կարգը, ճշգրտել ընտրացուցակները եւ հրապարակել ընտրած քաղաքացիների ցուցակները, պատժել բոլոր ընտրակեղծարարներին:

Հովհաննիսյանը առաջարկում է նաեւ իր թիմին փոխանցել հինգ մարզպետներ նշանակելու իրավասությունը, կառավարության եւ պետական ծառայությունների ութ ոլորտների ղեկավարությունը, դրանց թվում են` դատախազությունը, հարկային եւ մաքսային ոլորտը, Ազգային անվտանգության ծառայությունը, արտգործնախարարությունը, կրթության եւ գիտության նախարարությունը, վերստուգիչ ոլորտը, Արդարադատության խորհուրդը, հակակոռուպցիոն հանձնաժողովը:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով` Րաֆֆի Հովհաննիսյանի այս առաջարկները «մի քիչ տրամաբանական չեն»:

«Որովհետեւ առաջարկների մեջ, օրինակ, դատախազի կամ, ասենք, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրաժարականի հարցն է պահանջում. իսկ ի՞նչ կապ ունի ՊԵԿ-ի նախագահի հրաժարականը անցած նախագահական ընտրությունների արդյունքների վերանայման հետ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բադալյանը եւ շարունակեց. - «Կամ` երբ որ պահանջում է առնվազն հինգ մարզպետի հրաժարականը. իսկ ինչո՞ւ ոչ բոլորինը»:

«Հարցեր կան, որ հասկանում եք, որ սա ընդհանրապես կապ չունի անցած նախագահական արդյունքների վերանայման հետ, ու այն տպավորությունն ես ստանում, որ որոշակի չինովնիկների դեմ, այսպես ասած, պատվեր է կատարվում», - նշեց քաղտեխնոլոգը:

ՌԱՀՀԿ-ի փորձագետ Էդգար Վարդանյանը կարծում է, որ Հովհաննիսյանի առաջարկները այս պահին իշխանությունը պատրաստ չէ ընդունել, սակայն առաջարկները, ըստ նրա, շատ կառուցողական են:

«Այդ երկու պահանջների բավարարմանը չեն գնա, եւ ինչու չեն գնա` որովհետեւ, նախ, արդեն իսկ խոսել են այն մասին, որ իրենց համար ընդունելի չեն այդ տարբերակները, եւ, բնականաբար, չեն գնա այն պատճառով, որ իշխանությունների համար շատ թանկ է իրենց իշխանությունը` իրենք դա բազմիցս են ցույց տվել», - ասաց Վարդանյանը` հավելելով. - «Եվ մենք պետք է հասկանանք նաեւ, ընդդիմադիր հանրությունը հասկանում է, կարծում եմ, որ այդ պահանջների բավարարումը կլինի միայն այն ժամանակ, երբ ճնշումը կուժեղանա` ընդդիմության ճնշումը, ընդդիմադիր հանրության կողմից իրականացվող ճնշումը կուժեղանա»:

Իսկ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները խոսում են այն մասին, որ ընտրությունների արդյունքներն այլեւս ընդունելի են Հովհաննիսյանի կողմից, եւ այժմ թիրախը ավագանու ընտրություններն են:

«Նաեւ մի շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ` դա այն էր, որ պահանջվեց արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրությունների անցկացում, եթե չեմ սխալվում` մինչեւ տարվա վերջ: Այսինքն` շատ սահուն ձեւով, բայց անմիջականորեն այդ հարցը` նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների վերանայման հարցը, փաստորեն, հետաձգվեց, ինչը հնարավորություն տվեց իրեն սահուն ձեւի նախագահական ընտրությունների հետընտրական գործընթացը տանել դեպի Երեւանի ավագանու ընտրություններ», - հայտարարեց քաղտեխնոլոգը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG