Մատչելիության հղումներ

logo-print
Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության հայտ ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը իրենց ընտրական ցուցակները համարում են մրցունակ, հաղթելու շանսերն էլ` բարձր:

Իշխող Հանրապետական կուսակցության ցուցակում, որը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղ են գտել մտավորականներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, դպրոցների տնօրեններ, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ:

Մտավորականների ու մշակույթի գործիչների անունները 195 հոգանոց ցուցակի առաջին 20 հորիզոնականներում են. Տարոն Մարգարյանին հաջորդում են շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ճարտարագետ Հրաչ Պողոսյանը, Արա Երնջակյանի, Մարտին Վարդազարյանի, Լեւոն Իգիթյանի, Հրանտ Թոխատյանի, Միքայել Դովլաթյանի, Հայկ Դեմոյանի անունները եւս կարդում ենք այստեղ:

Ցուցակում այս անձանց կողքին տեղ են գտել նաեւ հանրապետական պատգամավորների եւ պաշտոնյաների որդիների անուններ. պատգամավորներ Մհեր Սեդրակյանի, Աշոտ Աղաբաբյանի, Արա Բաբլոյանի որդիները` Դավիթ Սեդրակյանը, Արման Բաբլոյանը, Արամ Աղաբաբյանը, կպայքարեն ավագանու կազմում ընդգրկվելու համար։ Բնապահպանության նախկին նախարար Էդվարդ Մադաթյանի որդին՝ Արման Մադաթյանը եւս ընդգրկված է.

Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց, որ այս անձանց մասնակցությունը ավագանու ընտրություններում իրենց հայրերի ով լինելով չի պայմանավորված։

«Ունեն բավականին ե՛ւ կազմակերպչական ունակություններ, ե՛ւ հասարակության, հանրության մեջ անուն, հնչեղություն։ Այդ ժամանակներն անցել են, որ հոր, հորեղբոր կամ քեռու համար ընդգրկել ցուցակի մեջ», – ասաց Սահակյանը։

Ոչ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը մեծությամբ երկրորդն է. ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած ցուցակը 194 անուններից է բաղկացած. երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում խմբակցության պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանն են։ Ցուցակում կան անուններ, որոնք այնքան էլ հայտնի չեն՝ կան դոցենտներ, գիտաշխատողներ, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների տնօրեններ, պատգամավորների օգնականներ եւ գործազուրկներ։ Ի դեպ՝ 43-րդ հորիզոնականում տեղ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանը:

Կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նրան ցուցակում ընդգրկելը եղել է կուսակցության նախաձեռնությունը եւ երկրի նախկին նախագահն այդտեղ որեւէ կապ չունի։

«Իրինա Քոչարյանը նախեւառաջ ոչ թե ինչ-որ մեկի բարեկամուհին է, այլ երկար տարիներ կուսակցության բոլոր գործընթացների ամենաակտիվ մասնակիցներից է եւ իմ խորին համոզմամբ, ինքը պիտի լիներ շատ ավելի առաջատար տեղերում [ընտրացուցակի]», – այս առնչությամբ մեկնաբանեց Ուրիխանյանը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Քոչարյանի որդուն` Սեդրակ Քոչարյանին ցուցակի առաջին հորիզոնականներում ընդգրկելու առաջարկների եւ դրանց շուրջ ԲՀԿ-ում ստեղծված հակասությունների մասին:

ԿԸՀ ներկայացված ցուցակում այդ անունը ընդգրկված չէ:

«Ցուցակը պատրաստ է, ներկայացված է ժողովրդին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Որեւէ ասլիք չկա», - այս լուրերը մեկնաբանելու մասին մեր խնդրանքին արձագանքեց ԲՀԿ խոսնակը՝ վստահեցնելով, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի ձեւավորմանը որեւէ անհատ չի փորձել միջամտել։

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության եւ մի քանի ուժերի համատեղ «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակը 64 անձանցից է բաղկացած։ Ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանից հետո առաջին քսանյակում տեղ են գտել «Ժառանգության» ներկայացուցիչներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Դավիթ Սանասարյանի, Անի Քոչարի, Հովսեփ Խուրշուդյանի, Իզաբելա Աբգարյանի, Դանիել Իոանեսյանի, «Ա1 պլյուս» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի, երաժիշտ Արթուր Իսպիրյանի անունները: Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը 23-րդ հորիզոնականում է:

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժը մրցունակ է համարում այս ցուցակը։

«Այնտեղ կան նախկին պատգամավորներ, ովքեր արդեն ցույց են տվել, թե ինչպես են գործում, կան բազմաթիվ երիտասարդներ, ովքեր այս պայքարի ընթացքում ե՛ւ տեղամասերում, ե՛ւ Ազգային ժողովում եղել են օգնական», – մանրամասնեց Դավիթ Սանասարյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ցուցակը, որը գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, 42 անձանցից է բաղկացած: Առաջին հնգյակում ընդգրկված են Զոյա Թադեւոսյանը, Արման Մուսինյանը, Վլադիմիր Կարապետյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանը: Ցուցակում գերակշռում են երիտասարդները, որոնցից շատերը հանրությանը շատ հայտնի չեն։

«Նրանք երիտասարդներ են, գրագետ մարդիկ են, ամենակարեւորը՝ ազնիվ եւ կեղծիքների ընդունակ չեն», – ասում է Զոյա Թադեւոսյանը։

Դաշնակցության ցուցակը, որը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, 65 հոգուց է բաղկացած, «Օրինաց երկրինը»` 105:

Այս ընտրություններում ուշագրավ է նաեւ մի քանի ամսվա կյանք ունեցող «Առաքելություն» կուսակցության մասնակցությունը, որը հանրությանն անծանոթ 29 հոգու ցուցակով է ներկայացել: Ցուցակում երկրորդ հորիզոնականում գտնվող Մանուկ Սուքիասյանը այսպես պատասխանեց մեր հարցին, թե որեւէ ազդեցիկ անձ կամ ուժ չկա՞ իրենց թիկունքում. – «Չկա նման բան։ Նախկինում բոլորս եղել ենք անկուսակցականներ՝ բավականաչափ կրթական ցենզ ունեցող, որոնք այլեւս ցանկանում են սեփական դեմքով փորձել ստանձնել քաղաքական պատասխանատվություն»։

Մանուկ Սուքիասյանը ընդգծեց, որ ինքը նախկինում եղել է «Այլընտրանք» նախաձեռնության ակտիվիստ։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG