Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրավաքում հայտարարեց, թե պահանջում է անցկացնել նոր արտահերթ նախագահական ընտրություններ` միաժամանակ հավելելով, որ Սերժ Սարգսյանին մեկ այլ հնարավորություն էլ է տալիս:

«Ես բաց եմ խոսում` գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ, եթե Դուք ուզում եք շարունակել որպես դե ֆակտո նախագահ` չունենալով ժողովրդի վստահության քվեն, նաեւ այդ հնարավորությունը պիտի տամ Ձեզ», - ասաց «Ժառանգության» առաջնորդը` նշելով, որ նախագահական նոր ընտրություններ չնշանակելու դեպքում առաջարկում է այս տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` նախապես, սակայն, կատարելով իր մի շարք այլ պահանջներ, մասնավորապես փոփոխություններ իրականացնել Ընտրական օրենսգրքում:

«Վերացնել մեծամասնական ընտրակարգը` թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային հանձնաժողովների ձեւավորման համար, քվեարկություն ապահովել այլ երկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին կամ էլ նվազագույնը` ընտրացուցակներից նրանց հանում», - մանրամասնեց նա:

Բացի այդ, ընդդիմադիր առաջնորդը պահանջում է մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը առնվազն հինգ մարզպետների ազատել աշխատանքից` այդ պաշտոններում նշանակելով իր ներկայացրած մարդկանց. - «Բոլոր ընտրակեղծարարներին` առանց բացառության, այդ թվում մարզպետներին, քաղաքապետներին, կուսակցական պատասխանատուներին, այլ պաշտոնյաներին ենթարկել քրեական պատասխանատվության»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ղեկավար պաշտոններ է պահանջում գլխավոր դատախազությունում, հարկային եւ մաքսային, ազգային անվտանգության ծառայություններում, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ կրթության ու գիտության նախարություններում, վերստուգիչ պալատում, արդարադատության խորհրդում եւ հակակոռուպցիոն հանձնաժողովում:

«Սույն պայմանագիրը անբաժանելի է, ենթակա է երկուստեք ստորագրման: Իսկ դրանում ամրագրված դրույթներն անբեկանելի են մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը», - հայտարարեց նա:

Պահանջներն ընթերցելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը թուղթը դրեց ծրարի մեջ, ստորագրեց, որպեսզի ուղարկի նախագահ Սերժ Սարգսյանին: Ասաց, որ սա իր «վերջին առաջարկն է եւ նվազագույն շեմը». - «Հիմա հերթը Ձերն է: Ձեր հետագծի, կենսագրության ամենապատասխանատու շրջանն է մինչեւ ապրիլի 9-ը»:

Անդրադառնալով Երեւանի ավագանում ընտրություններին մասնակցելու համար ձեւավորված «Բարեւ Երեւան» դաշինքին` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե դա միակ վերկուսակցական, համաքաղացիական ցուցակն է:

Մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող ընդդիմադիր գործիչը նաեւ ամփոփեց նաեւ այս շաբաթ Ազատության հրապարակում ընթացող քաղաքացիական ֆորումի նիստերը` ասելով, որ դրանք իր համար խիստ հետաքրքիր եւ ուսանելի էին:

Միեւնույն ժամանակ ընդդիմադիր առաջնորդն ընդգծեց, թե թույլ չի տալու, որ հրապարակը ծառայեցնեն առանձին շահերի. - «Թող ոչ ոք չհանդգնի ժողովրդի սերը, Ազատության հրապարակը, մեր միասնական պայքարը չարաշահել իրենց առանձին, հատվածական օրակարգերի համար: Ես չեմ թույլ տալու»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG