Մատչելիության հղումներ

Մարգարիտ Եսայան. Հացադուլով խնդիր չի լուծվում


«Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող, այժմ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանելով օգտատերերի բազմաթիվ հարցերին, անդրադարձավ այն հարցին, թե ինքը պետության կառավարման որ մոդելին է կողմնակից` նախագահական, թե` խորհրդարանական:

«Օրինական իշխանություն մենք հիմա ունենք. եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ենք ստացել օրենսդիր իշխանություն, եւ 2013-ի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններից ենք ստացել օրինական ընտրված նախագահ, բայց ես հասկանում եմ հարցի ենթատեքստը եւ կարծում եմ, որ հաջորդ անգամ գոնե կունենանք այնպիսի ընտրություններ, որ մեր հասարակության ոչ թե այսքան մեծ հատվածը դժգոհ կլինի այդ ընտրությունների արդյունքներից, այլ ավելի փոքր հատվածը: Բայց մի բան ակնհայտ է` մշտապես, ցանկացած իդեալական ընտրությունների դեպքում հասարակության ինչ-որ հատված դժգոհ է լինելու», - ասաց Եսայանը:

Հաղորդման ընթացքում ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց բոլոր օգտատերերին Հայաստանի Հանրապետության հասցեին չհնչեցնել կոպիտ ածականներ եւ պիտակավորումներ: Իսկ այդպիսի հարցեր կային, որոշները ուղղված էին հենց պատգամավորի հասցեին: Շատերն ափսոսանք էին հայտնում, որ Մարգարիտ Եսայանը «Առավոտ» օրաթերթից հետո այժմ Ազգային ժողովում է, հետաքրքրվել էին, թե մեծահարուստ կուսակիցները նրա հաշվեհամարին որքան գումար են փոխանցել, ինչ են խոստացել իրեն պատգամավորի մանդատից հետո եւ այլն: Այս եւ նման հարցերին պատգամավորը հումորով պատասխանեց:

Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել էր, թե Եսայանի կարծիքով` նախագահ Սերժ Սարգսյանը ճի՞շտ էր վարվել, երբ նախագահի նստավայրում հրավիրված ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսել էր «դու»-ով: Եսայանն ասաց, որ ասուլիսը շատ արդար էր, գույները խստացված չէին, ամեն ինչ ասվել է ճիշտ ու տղամարդավարի:

«Այն մարդիկ, որ նստած էին նախագահի մամուլի ասուլիսում, բոլորը կենսագրություն ունեցող լրագրողներ եւ խմբագիրները եւ ամենատարբեր առիթներով շփվել են նախագահի հետ: Ես կարծում եմ, որ երկրի նախագահը ունի այդ իրավունքը լրագրողների հետ խոսել այդպես` հարազատի նման, ես կարծում եմ, ինքը հենց այդպես էլ խոսեց», - ասաց նա. - «Իսկ կոնկրետ այն դեպքում, երբ նախագահը անուններով դիմեց քաղաքապետին եւ առողջապահության նախարարին, հասարակ մարդը ավելի ճիշտ է ընկալում: Մարդիկ ընկալել են հետեւյալ կերպ` ուրեմն վատ են աշխատել, ուրեմն ճիշտ արեց, էդպես պիտի ասեր: Ես չեմ ասում` դա ճիշտ է, թե` սխալ, բայց ես ասում եմ այն մարդկանց ընկալումը, որոնք քաղաքականությունից հեռու մարդիկ են եւ քաղաքական ամբիցիաներ չունեն»:

Մեկ այլ հարցի, թե ինչպե՞ս է գնահատում իրավիճակն Ազատության հրապարակում, Եսայանն ասաց, թե խնդրում եւ հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը:

«Հացադուլով խնդիր չի լուծվում, արդեն ունենք արձանագրված իրավիճակ, եւ դա պետք է ընդունել ի գիտություն», - ասաց պատգամավորը` հավելելով. - «Ցավոք, թե բարեբախտաբար, ես կարծում եմ` բարեբախտաբար, այսօր Ազատության հրապարակը մարդաշատ չէ, եւ հուսով եմ, որ դժգոհ հատվածը կլինի իշխանության ուշադրության կենտրոնում եւ այդ խնդիրը կլուծի հենց իշխանությունը»:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» ներկայացրած ցուցակի մասին` Եսայանն ասաց. - «Յուրաքանչյուր քաղաքական ուժի ներկայացրած ցուցակ պետք է հարգել եւ պետք է ուղղակի մաղթել, որ Երեւանի ավագանու ընտրություններից դժգոհություն չլինի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG